կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռազմակրթական հաստատության նոր պետի ղեկավարմամբ ընթացող բարեփոխումները շարունակվելու են. Պապիկյան

Ռազմակրթական հաստատության նոր պետի ղեկավարմամբ ընթացող բարեփոխումները շարունակվելու են. Պապիկյան

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ռազմական ակադեմիայի նորանշանակ պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը գնդապետ Մանգասարյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ։
 
Եվս մեկ անգամ կարևորելով ռազմական կրթության դերը գրագետ և պատրաստված սպայակազմի պատրաստման, մարտունակ բանակի ձևավորման գործում՝ պաշտպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել ակադեմիայի նախկին պետ, գնդապետ Արթուր Երոյանին՝ կատարված լայնածավալ աշխատանքի, ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և ռազմակրթական բարեփոխումներին ուղղված առավելագույն ջանքերի համար։
 
Միևնույն ժամանակ Սուրեն Պապիկյանը վստահություն է հայտնել, որ ռազմակրթական հաստատության նոր պետի ղեկավարմամբ ընթացող բարեփոխումները շարունակվելու են՝ առավել գրավիչ և մրցունակ դարձնելով ռազմական կրթության ոլորտը։
 
Խոսքով հանդես է եկել նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: 
 
Միջոցառմանը ներկա էին նաև բուհերի ռեկտորներ և այլ հյուրեր:

  • Կիսվել: