երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էդվարդ Ասրյանը այս պահին զբաղվում է մեր բանակի կոնկրետ խնդրի լուծմամբ. Անդրանիկ Քոչարյան

Էդվարդ Ասրյանը այս պահին զբաղվում է մեր բանակի կոնկրետ խնդրի լուծմամբ. Անդրանիկ Քոչարյան

Ասրյանը որևէ «-մետ» չէ: Ասրյանը այս պահին զբաղվում է մեր բանակի կոնկրետ խնդրի լուծմամբ: Մենք կհանենք նրան այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե, իբրև, «եվրապաշտոնյաները» իրենց խոստումները կատարելու համար պահանջում են ռուսամետ գործիչներին, այդ թվում՝ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, հեռացնել պաշտոնից:

Քոչարյանը հիշեցրեց՝ 90-ականներին հայկական բանակաշինությանը մասնակցել է սովետական ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած սպայակազմը, ինչի արդյունքում Հայաստանն Ադրբեջանից առաջ էր անցել, ԶՈՒ-ն ավելի կազմակերպված էր դարձել:

«Կառաարման տեսանկյունից ՀՀ ԶՈՒ-ն առաջ անցավ (Ադրբեջանից - խմբ.), որովհետև սովետական դպրոցի շատ լեյտենանտներից մինչև գեներալներ՝ 800-ից ավելի սպա, եկան Հայաստան և մասնակից դարձան մեր ՊՆ-ի ստեղծման գործընթացներին, ՊԲ-ի գործընթացներին: Նրանք միայն ազգությամբ հայեր չէին, այլև այլ ազգության բարձրակարգ զինվորականներ, ինչպես գեներալ Զինևիչն է: Նրանք եկան և օգնեցին մեզ, որպեսզի մեր ԶՈՒ-ն օր առաջ կայացած լինի, և դա բերեց 1994-ի հրադադարին»,- ասաց նա:

Քոչարյանը նաև հիշեցրեց, որ ներկայիս ԶՈՒ-ում մեծ մասը՝ վերջին հրամանաններով նշանակված և առաջընթաց արձանագրած սպայակազմից շատերը, զինվորական գործունեությունը սկսել են Մոնթե Մելքոնյանից: Բայց կան նաև սովետական դպրոցի ներկայացուցիչներ, ինչպիսին փորձում են ներկայացնել, օրինակ, ներկայիս ԳՇ պետին:

«Այսօրվա մեր բանակում կան և՛ ռուսական դպրոցի զինվորականներ, և՛ արևմտյան դպրոցում կատարելագործում ստացած զինվորականներ, և՛ քաղաքացիական հասարակությունից դեպի բանակ եկածներ»,- ասաց Քոչարյանը:

  • Կիսվել: