երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեառնընդառաջ տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ` բաց Խորանով

Տեառնընդառաջ տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ` բաց Խորանով

Փետրվարի 14-ին Հայ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը։ Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ` բաց Խորանով։ Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագը կմատուցվի ժամը 10.30-ին։ 

Ավարտին կատարվելու է Նորապսակների օրհնության կարգ, քանի որ Ն.Ս. Օ. Տ. Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր։

Տեառնընդառաջն անշարժ տոն է, քանի որ նշվում է Սուրբ Ծննդյան օրվանից` հունվարի 6-ից հետո 40-րդ օրը։ 

Տերունի այս տոնն ամեն տարի սկսվում է նշվել նախատոնակով` նախորդ օրը երեկոյից։ 

Փետրվարի 13-ին` երեկոյան ժամերգությունից հետո, մարդիկ իրենց տուն են տանում եկեղեցում վառված կանթեղները, որով վառում են իրենց խարույկները։ 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիների բակերում եւս վառվելու են խարույկներ, կազմակերպվելու է ազգային երգ ու պարով միջոցառումներ։ 

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում ժամանակացույցը։ 

Ժամանակացույց

Փետրվարի 14

10։30 Սուրբ Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում։ Ավարտին կկատարվի Նորապսակների օրհնության կարգ։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հրավերով այստեղ օրհնություն կստանան նաեւ Արցախից բռնի տեղահանված երիտասարդ ընտանիքները։ 

  • Կիսվել: