կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարևորվել է Արցախից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը

Կարևորվել է Արցախից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։

Նիստի ընթացքում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով այս նպատակով պետական և մասնավոր հատվածի ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել տեղահանված անձանց մասնագիտական վերապատրաստման ու զբաղվածության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալների վերաբերյալ։

Տնտեսավարողների կողմից բարձրորակ մասնագետների պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում անդրադարձ է կատարվել նաև կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայման հնարավորությանը։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

 

  • Կիսվել: