ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաշինյանի պարզաբանումն այն մասին, թե որքանով է երաշխավորված, որ Ադրբեջանը չորս գյուղերի հարցի լուծումից հետո նոր պահանջներ չի ներկայացնի ՀՀ-ին

Փաշինյանի պարզաբանումն այն մասին, թե որքանով է երաշխավորված, որ Ադրբեջանը չորս գյուղերի հարցի լուծումից հետո նոր պահանջներ չի ներկայացնի ՀՀ-ին

Որքանով է երաշխավորված, որ Ադրբեջանը չորս գյուղերի հարցի լուծումից հետո նոր պահանջներ չի ներկայացնի Հայաստանին: Այս հարցին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Չորս գյուղերի հարցի չլուծումն ավելի շատ հնարավորություն կտա Ադրբեջանին` դա անելու, քան հարցի լուծումը, ընդ որում` չորս գյուղեր ասելիս խոսքը այնպիսի գյուղերի մասին է, որ երբեք չեն գտնվել Տավուշի մարզի կազմում, մենք էդպիսի բնակավայրեր չենք ունեցել, Ալմաթիի հռչակագրի տրամաբանությամբ դրանք գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում: Էս խնդրի չլուծումն Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա խուսափել այդ բանաձևից և պայմանավորվածությունից, քան այդ չորս գյուղերի հատվածում սահմանազատման գործընթացի իրականացնելը»:

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին` որքա՞ն է հավանականությունը, որ սահմանազատումից հետո Ադրբեջանը նոր` միակողմանի հավակնություններ չի ներկայացնի, Հայաստանը զիջումներ չի գնա «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցիների վերադարձի առումով, Փաշինյանը պատասխանեց. «Ես զարմանում եմ` մենք ինչ հետևողական ենք շարունակում օգտագործել Ադրբեջանի առաջ քաշած խոսույթները` այն պայմաններում, երբ ունենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այն դեպքում, երբ պետք է օգտագործենք նման խոսույթներ: Ուզում եմ հետևյալ նրբության, որն իրականում էական հանգամանք է, դրա վրա ձեր ուշադրությունը հրավիրել. որոնք են երաշխիքները, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ և այլն, և այլն... երաշխիքը մեր դիրքերի լեգիտիմությունն է, սա շատ էական հանգամանք է, լեգիտիմությունը` արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա»:

Փաշինյանի խոսքով` 2021, 2022թթ․ իրադարձությունները շատ դեպքերում միջազգային հանրությանը ներկայացվել են 4 գյուղի համատեքստում։  Այսինքն` ինչ-որ չափով փորձ է արվել, որոշ դեպքերում` հաջող, ցույց տալու, որ Հայաստանն է, որ գործում է իր լեգիտիմ գծերից անդին:

 

  • Կիսվել: