ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Յոթ ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց. կիրանցեցին թվում է` ինչ է անցնում Ադրբեջանին

Յոթ ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց. կիրանցեցին թվում է` ինչ է անցնում Ադրբեջանին

Երբ Խորհրդային միությունը փլուզվեց, այդ ժամնակ կամուրջը եւ հարակից տարածքները Կիրանց համայնքի տարածքում էին, այսինքն Հայաստան էին փաստաթղթերով: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակված հատվածում, լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչներից մեկը:

«Բայց հիմա ասում են, որ 1976 թվականի քարտեզով այդ կամուրջը Ադրբեջանի տարածքում է ընդգրկված: Ըստ դրա, ճշտված է, որ Կիրանցի երկու տուն ընդգրկվում է Ադրբեջանի կազմում: Բայց դա մենակ երկու տուն չի, երկու տան հետ կա նաև  60 հողատարածք, կա արհեստանոց, ֆերմա: Բացի դա, սահմանագիծը կպնում է տների, որտեղ գործնականում  հնարավոր չէ ապրելը: Մի վարչական շենք կա, որտեղ 3 ընտանիք է ապրում: Մարդիկ տուն չեն ունեցել, գյուղապետը շենքը տվել է, ապրում են: Սահմանը շոշափում է էդ շենքին, էդտեղ հնարավո՞ր ա ապրելը: Այսինքն խնդիրը 2 տան չի վերաբերում, արդեն 7 ընտանիքի ա վերաբերում»,-ասաց նա:

Կիրանցեցի տղամարդու խոսքով,  ԽՍՀՄ փլուզման ժամանակ Հայաստանի տարածքում են եղել եւ կամուրջը, եւ հարակից տարածքները, եւ Կիրանցի բոլոր տները. «Թուրքերն անգամ ամենալավ երազում չեն տեսել, որ այդ տները կարող են իրենցը լինել: Իշխանությունները մինչեը վերջ էլ չեն ասում, թե այդ երեք կետերում սահմանի գծերը ոնց են գնալու:

Դեռ ասում են՝ ավելի վատ տարբերակ էլ կարող է լինել: Ո՞րն է ավելի վատը, գան գյուղի մեջտեղում նստե՞ն թուրքերը: Ինչքան էլ ասեն՝ դիմացեք, ապրեք, բայց մարդիկ երեխեք ունեն, մարդիկ պատերազմ են տեսել, զոհեր են տվել, ի վերջո, համբերությունը հատելու է, թողնելու են գնան: Սա հայաթափում է»,-ասաց նա:

Կիրացի բնակիչը նաեւ տեղեկացրեց, որ այն հատվածը, որ պետք է հետո որոշվի, այդտեղ միջպետական ճանապարհը 3 տեղ հատվում է, գազամուղը մի տեղ է հատվում, բայց բավականին մեծ հատված:

Հիշեցնենք, որ շուրջ հինգ ժամ է՝ կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը:  Նրանք դժգոհում են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիների հետ բանակցելու էր եկել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը, որ խորհուրդ էր տալիս ճանապարհը փակելու փոխարեն հանդիպել Տավուշի մարզպետի հետ և ստանալ հուզող հարցերի պատասխանները:

Գյուղացիները հրաժարվեցին բացել ճանապարհը և մարզպետի հետ հանդիպել այլ վայրում, ասելով, որ Հայկ Ղալումյանը կարող է գալ և իրենց հետ հանդիպել հենց ճանապարհի փակ հատվածում: Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները հավաքվել են Կիրանցի գյուղապետարանի մոտ, և քննարկում են հետագա անելիքները:

Նշենք, որ մամուլի տեղեկություններով, այսօր վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը

  • Կիսվել: