կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 17-ին պայքարի մեջ մտան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները։ Մեդալների համար պայքարում էին աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը եւ Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն, Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը:

Վարազդատ Լալայանը երկամարտի 460 կգ արդյունքով երկրորդ անգամ նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը (212+248), Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 450 կգ արդյունքով 5-րդն է: (200+250): Գոռ Մինասյանը երկամարտի 459 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է (213+246):

+109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը գրանցեց 212 կգ արդյունք: Գոռ Մինասյանը մեկ կիլոգրամով գերազանցեց Լայայանին եւ պոկեց 213 կգ: Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պայքարն ավարտեց 200 կգ-ով: Վարազդատ Լալայանն այս վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Գոռ Մինասյանը փոքր արծաթե մեդալ:

Այս վարժությունում առաջատարը կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 6-ակի չեմպիոն վրացի Լաշա Տալախաձեն է 220 կգ-ով:

Հրում վարժությունում աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պայքարը սկսեց 242 կգ-ով եւ հաջողությամբ հրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 248 կգ: Երրորդ մոտեցման համար Հայաստանի մարզիչները պատվիրեցին 255 կգ, բայց չկարողացավ հրել:

Սիմոն Մարտիրոսյանը առաջին մոտեցմամբ հրեց 240 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 250 կգ: Երրորդ մոտեցման 255 կգ ձախողեց: Այս վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը զիջեց միայն Լաշա Տալախաձեին, որը հրեց 253 կգ:

Գոռ Մինասյանը հրում վարժությունում բարձրացրեց 240 կգ, ապա 246 կգ, երրորդ մոտեցման 253 կգ ձախողեց:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճեց Լաշա Տալախաձեն երկամարտի  473 կգ արդյունքով:

  • Կիսվել: