երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ծանրամարտի Հայաստանի հավաքականից հեռացած, հեռացված մարզիկ չունենք․ Սամվել Գասպարյան

Ծանրամարտի Հայաստանի հավաքականից հեռացած, հեռացված մարզիկ չունենք․ Սամվել Գասպարյան

Ծանրամարտի հավաքականից հեռացած, հեռացված մարզիկ չունենք: Բոլորն էլ հավաքականի անդամ են՝ Սիմոն Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարպետյանը, Հակոբ Մկրտչյանը: Հայաստանի առաջնությանը ցանկությամբ մասնակցելու Փաշիկ Ալավերդյանի հայտարարությունը հերքում եմ. հուշամրցաշար չի, որ ով ուզի՝ մասնակցի, ով չուզի՝ չմասնակցի: Ֆեդերացիայի նոր կազմով փորձելու ենք մոտեցումներ փոխել, հին մոտեցումներից ազատվել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:

Փետրվարի 7-11-ը Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում անցկացվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որից հետո թիմը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ սկսեց տարվա առաջին հավաքը Ծաղկաձորում: Թիմը կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում:

Սամվել, շնորհավորում եմ ֆեդերացիայում նոր պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ: Նախ՝ ամփոփենք Հայաստանի առաջնությունը, որը երկու տարվա դադարից հետո անցավ նոր ձեւաչափով, բայց անհամեմատ քիչ մասնակիցներով:

Նախկինում միշտ եղել եմ Հայաստանի առաջնության մասնակից, այս տարի կազմակերպիչներից էի: Առաջնությունից ազատված մարզիկներ կային: Հավաքականի մարզիչի որոշմամբ Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը վնասվածքներից հետո վերականգնողական փուլ են անցնում՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: Անցած տարիների համեմատ, այս առաջնությունը մի քիչ այլ էր կազմակերպչական առումով, քանի որ ներգրավել էինք տեխնիկական միջոցներ: Եթե նախորդ տարիներին մարզիկներն էին միայն փորձ ձեռք բերում, հիմա մարզիչներին էլ հնարավորություն տրվեց միջազգային փորձ ստանալ:

Արդյունքները գոհացնող էին, բավարար էր: Աղջիկների պայքարը հետաքրքիր ստացվեց: Նոր արդյունքներ գրանցող աղջիկներ եղան: Տղաների պայքարում էին նաեւ երիտասարդ ծանրորդներ: Արդեն տեսանելի է սերնդափոխությունը:

Մասնակիցների քիչ քանակությունն ինչո՞վ էր պայմանավորված:

Մասնակիցների քանակն իսկապես գոհացնող չէր, քանի որ կիլոգրամների հայտերի սանդղակը շատ բարձր էր դրված, այդ պատճառով մեծահասակներում ունեցանք 30 տղա:

Իմ մարզիկ եղած ժամանակ բոլորի մոտ եղել է այն կարծրատիպը, որ Հայաստանի առաջնությունը ուղղակի փորձամրցում է, կարող են գալ եւ մեկ մոտեցումով ապահովել չեմպիոնությունը: Մեծահասակներում ոչ բոլոր քաշային կարգերում են եղել մրցակիցներ, պայքարն այդքան էլ թեժ չի եղել, բացի գերծանր քաշայիններից: Այդ ամենի մեջ լինելով, փորձը ունենալով, եկանք այն եզրահանգման, որ պետք է լինի դրամական ֆոնդ լավագույն մարզիկների համար: Մեր նպատակն էր այնպես անել, որ պայքար լիներ կիլոգրամների եւ երկամարտի մեջ, որ բոլորն էլ փորձեին իրենց կիլոգրամները լրացնել, որպեսզի հնարավորություն ունենային լավագույն ծանրորդ ճանաչվել: Այդպես աղջիկների մեջ ունեցանք նոր արդյունքներ գրանցողների, երիտասարդ տղաների մեջ եղան նոր բացահայտումներ: Օրինակ՝ 55 կգ, 61 կգ քաշային կարգի հաղթողներին շատ քիչ միավորներ պակասեց լավագույն մարզիկ ճանաչվելու համար: Եթե լինեին շատ մասնակիցներ, պատկերը այլ կլիներ՝ մրցակցությունը հետաքրքիր կդառնար:

Նշեցիր, որ մասնակիցները քիչ էին կիլոգրամների հայտերի սանդղակի բարձր լինելու պատճառով: Ու՞մ կողմից եւ ինչպե՞ս են սահմանվում հայտերը ներքին առաջնությունում:

Այդ կիլոգրամները հաստատել էր ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, բայց մենք էլ տեսանք, որ չաշխատեց. մասնակիցները շատ քիչ էր: Ըստ այդ հաստատված հայտերի սանդղակի, մենք ստիպված ենք երեք առաջնություն անցկացնել առանձին՝ մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ: Իմ կարծիքով այս մոտեցումը մի քիչ սխալ է, քանի որ երիտասարդ եւ պատանի մարզիկներ կան, որոնք ուժեղ են եւ ցանկություն կունենային մեծահասակների հետ պայքարել:

Եթե Փաշիկ Ալավերդյանի այս սանդղակը մնա, մենք ամեն քաշային կարգում կունենանք 2 ծանրորդ, բայց կան շատ երիտասարդներ, որոնք մոտ են մեծերի կիլոգրամներին: Նրանց ուղղակի շանս չի տրվել, որպեսզի մասնակցության հայտ ներկայացնեն: Մարզիկների եւ մարզիչների հետ քննարկելով ցանկություն կա ներքին առաջնության կանոնակարգը փոխել, կիլոգրամները մի քիչ նվազեցնել, որպեսզի պատանիներն ու երիտասարդները նույնպես կարողանան մասնակցել:

Փաշիկ Ալավերդյանը առաջնության մեկնարկի օրը հայտարարեց, որ անկախ  արդյունքներից, հավաքականի նոր կազմ չի ձեւավորվելու, նա արդեն ունի իր թիմը: Ֆեդերացիայի դիրքորոշումն ինչպիսի՞ն է այս հարցում:

Կան Հայաստանի չեմպիոններ, արդեն ունենք պատկերը, թե ով, ինչ արդյունք է ցույց տվել: Բոլորն էլ մեծ մասով հավաքականի անդամ են: Պատահական ծանրորդներ չկան, որ դարձել են չեմպիոն եւ չեն ընդգրկվել հավաքական: Ինչ մնում է հավաքական ընդգրկվելուն կամ չընգրկվելուն, այդ մասով պատասխանատու է գլխավոր մարզիչը, ինչպես պատասխանատու է նաեւ արդյունքների համար: Ինքն է որոշում՝ ով պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը, ով՝ ոչ: Օրինակ՝ Սիմոն Մարտիրոսյանը ներքին առաջնությունում մասնակցեց 109+ կգ քաշային կարգում, անձնական քաշը 114 կգ էր: Միտք կա, որ նա հանդես գա 109 կգ քաշային կարգում, որը Եվրոպայի առաջնությունից հետո կփոխվի եւ կդառնա 110 կգ: Թե Եվրոպայի առաջնությանը ով կմասնակցի այս քաշում, կորոշի գլխավոր մարզիչը:

Սա նշանակում է, որ Սիմոն Մարտիրոսյանը հավաքականու՞մ է: Փաշիկ Ալավերդյանը արդեն երկրորդ անգամ պնդել է, որ Սիմոն Մարտիրոսյանն այլեւս հավաքականում չի:

Սիմոն Մարտիրոսյանը հավաքականում է եւ միշտ եղել է, քանի որ նա կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն է, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն է: Չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է ընկեր Փաշիկն այդպես հայտարարում Սիմոն Մարտիրոսյանի մասին: Գուցե նա նկատի է ունեցել՝ հավաքներում չի, այլ ոչ հավաքականում: Սիմոնի քաշում այժմ ունենք երիտասարդ Գարիկ Կարապետյան: Սիմոն շատ լուրջ հայտ է ներկայացրել 109 կգ քաշայինների պայքարում: Այս քաշում ունենք նաեւ Պետրոս Պետրոսյան, որը նույնպես մեծ ներուժ ունի:

Անդրանիկ Կարապետյանի մասին ի՞նչ կասես: Նրա մասով նույնպես Փաշիկ Ալավերդյանը մի քանի անգամ հայտարարել է, որ այլեւս հավաքականում չի:

Անդրանիկը հայտավորված էր Հայաստանի առաջնությանը, բայց չմասնակցեց: Կարծում եմ՝ կապված է վնասվածքների հետ: Վերջնական որոշում չի կայացվել հավաքականից նրա հեռանալու մասին: Ընկեր Փաշիկի ասելով, Անդրանիկ Կարապետյանը հավաքներին չի մասնակցել, բայց չի էլ հայտարարել, որ հեռանում  հավաքականից: Նա մեծ ցանկություն ուներ մասնակցել առաջնությանը, հայտ էր ուղարկել էր 370 կգ: Ինչ-ինչ պատճառներով չներկայացավ:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանի կարգավիճակն էլ է ոչ կայուն  թիմում: Նա նույնպես չմասնակցեց ներքին առաջնությանը: Ինչո՞ւ:

Անցած աշխարհի առաջնությունում ունեցանք 4 զրո, որոնցից մեկն էլ Հակոբ Մկրտչյանն էր ստացել: Այդ զրոները շատ ցավալի էին, որոնց մասին խոսելու ցանկություն չկա: Հակոբ Մկրտչյանը նոր է վերականգնվել: Հայտավորվել էր, բայց լավ մարզավիճակում չէր գտնվում եւ բաց թողեց այս առաջնությունը: Ինձ թվում է՝ նրա կիլոգրամներից է կախված հետագան: Եթե մարզումներին ցույց տա իր արդյունքները, ապացուցի, որ լավ մարզավիճակում է, վերադարձել է, ինձ թվում է կհայտավորվի Եվրոպայի առաջնությանը, եթե ոչ, ապա կպատրաստվի աշխարհի առաջնությանը:

Ամեն դեպքում Հակոբ Մկրտչյանը նույնպես հավաքականում է: Մենք հավաքականից հեռացած, հեռացված մարզիկ չունենք: Բոլորն էլ հավաքականի անդամ են:

Փաշիկ Ալավերդյանը նաեւ հայտարարել էր, որ թիմի բոլոր անդամներն ազատված են Հայաստանի առաջնությունից եւ մասնակցությունը  պարտադիր չի: Ինչպե՞ս է ֆեդերացիան մեկնաբանում այս հայտարարությունը:

 Ես հերքում եմ այդ հայտարարությունը: Եթե հավաքականի անդամը չունի լուրջ խնդիր, որի պատճառով գլխավորի մարզիչը նրան ազատում է, ուրեմն բոլորն էլ պարտադրված են մասնակցել ներքին առաջնություններին: Պարտադիր չի մասնակցեն 100 տոկոսանոց մարզավիճակով, բայց պետք է ներկայանան, որպեսզի պայքարեն թիմում ընդգրկվելու համար: Ներքին առաջնությունում ծանրորդը հաղթահարում է ավելորդ լարվածությունը եւ փորձ ձեռք բերում, որը նրան օգնում է հետագայում միջազգային մրցահարթակում: Այս առումով ներքին առաջնությունները պետք է դարձնել այն մակարդակին, որ ծանրորդների համար լինի առաջին լուրջ մրցաշարը կարեւոր մրցաշարերից առաջ:

Իմ կարիերայի ընթացքում ոչ մի ներքին առաջնություն բաց չեմ թողել: Նախորդ երկու տարիներին առաջնությունը չի անցկացվել ինչ-ինչ պատճառներով, դահլիճ չլինելու պատճառով, բայց եթե ուզենային, կանցկացնեին: Ներքին առաջնությունը հուշամրցաշար չի, որ ով ուզի մասնակցի, ով չուզի, չմասնակցի: Սա լուրջ մրցաշար է, մարզիկի համար կարեւոր մրցաշարն է, որտեղ որոշվելու է նրա հավաքական ընդգրկվելու, չընդգրկվելու հարցը:

Ֆեդերացիան ի՞նչ խնդիր է դրել թիմի գլխավոր մարզիչի առջեւ:

Այդ հարցը դեռ քննարկված չի, ժողով չենք արել: Այս պահին միայն գիտենք մեր անելիքը, գիտենք նաեւ, որ ունենք ուժեղ թիմ, ուժեղ կազմ, բայց այս ուժեղ կազմը վերջին տարիներին ցույց է տվել, որ ուժեղ է միայն Եվրոպայի առաջնություններում: Անհատական բարձր արդյունքներ ունեցել ենք՝ Օլիմպիական խաղերի մեդալակիր, աշխարհի չեմպիոն: Հիմա ունենք այլ խնդիր: Մեր առջեւ դրված նպատակները կապված են 2027 թ. աշխարհի առաջնության հետ, որն անցկացվելու է Երեւանում եւ 2028 թ. Օլիմպիական խաղերի հետ: Ունենք մշակած ռազմավարություն: Պետք է ունենանք մարզչական խորհուրդ, որը երբեք չի եղել ֆեդերացիայում: Մոտեցումներ պետք է փոխենք: Ոչ միայն Եվրոպայի առաջնությունում պետք է լավ արդյունքներ ցույց տանք, նաեւ աշխարհում, ոչ միայն մեդալների պայքար պիտի տանենք, այլեւ կիլոգրամների վրա աշխատենք, բարձրացնենք արդյունքները:

Ներքին առաջնությունների հանդեպ վերաբերմունքը պետք է փոխենք, որ ավելի լուրջ վերաբերվեն, փորձեն իրենց արդյունքները բարելավել, այլ ոչ ուղղակի մասնակցել:

Փորձելու ենք ձեւավորել երկու թիմ՝ առաջին եւ երկրորդ համարներով. օրինակ՝ աշխարհի առաջնությանը մասնակցեն ամենաուժեղները, Եվրոպայի առաջնությանը՝ երկրորդ թիմը, որպեսզի չունենանք այդ անկայուն վիճակը,  զրոները: Լինելու է ամեն ինչի փոփոխություն, սկսած հոգեբանությունից: Մարզիչը պետք է զբաղվի իր մարզչական գործունեությամբ, ֆեդերացիան՝ լուրջ խնդիրներով, դրանք հարթելով:

Մարզական կարիերան ավարտելուց հետո ինչո՞ւ որոշեցիր գալ ֆեդերացիա ղեկավար պաշտոնի, ո՞րն է քո նպատակը:

Ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունից հետո, Արայիկ Հարությունյանի կողմից առաջարկ ստացա գալ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Շատ բարդ էր  համաձայնել, որովհետեւ այդ պաշտոնում 28 տարի աշխատել էր պրոֆեսիոնալ մարդ, բայց, ասում են չէ՝ երիտասարդների դար է: Կարող է՝ Փաշիկ Ալավերդյանը 28 տարի ֆեդերացիան ինչ-որ չափով լավ ղեկավարել է, բայց կա կառավարման լուրջ խնդիր: Ֆեդերացիան միայն հավաքական ձեւավորել եւ հավաքներ կազմակերպելը չի: Ֆեդերացիան պետք է լուրջ հայտ ներկայացնի միջազգային կառույցներում, հովանավորներ ներգրավի, լուրջ գործընկերներ ունենա, որ բարձրացնի հայկական սպորտը: Օրինակ՝ մենք դեմ չենք լինի, որ որեւէ լուրջ կազմակերպություն, բրենդ հովանավորի մեզ, մենք էլ պատշաճ ներկայացնենք այն: Պետությունը միշտ կանգնած է ֆեդերացիայի կողքին, բայց ամեն ինչը չի, որ պետությունը պիտի հոգա: Սպորտը սիրում է նորարարություններ, գնում է դեպի զարգացման:

  • Կիսվել: