կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիրողական բռնցքամարտում ինքս ինձ ապացուցելու բան ունեմ. Նարեկ Մանասյան

Սիրողական բռնցքամարտում ինքս ինձ ապացուցելու բան ունեմ. Նարեկ Մանասյան

Բռնցքամարտը, որը ոչ միայն Օլիմպիական խաղերի ամենահին մարզաձևերից է, այլ նաև ամենամասսայականներից մեկը Հայաստանում, այսօր էլ մեծ սպորտին տալիս է նոր անուններ, որոնք մեծ ապագա են խոստանում: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար անցնող 2023 թվականը դրական կարելի է համարել: Ընտրանու կազմում իր արդյունքներով առանձնացավ նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն, ով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը  նվաճեց և դարձավ Եվրոպայի գավաթակիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանասյանն ամփոփել է անցնող տարին և խոսել առաջիկա անելիքներից:

GEV_7642.jpg (676 KB)

-Նարեկ, եկեք սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը բռնցքամարտում:

-Մինչ ես կսկսեի հետաքրքրվել բռնցքամարտով, պապիկս էր հետևում այս մարզաձևին: Մեր տանը սպորտը միշտ էլ առօրյայի մաս է եղել: Իսկ ինձ բռնցքամարտի տարել է հայրս: Ի սկզբանե այնպես չէր, որ ցանկությունս մեծ էր բռնցքամարտիկ դառնալու: Մարզվում էի զուտ ինքս ինձ համար: Առաջին մեդալս նվաճեցի Հայաստանի պատանիների առաջնությունում և դրանից հետո էր, որ հասկացա` կարող եմ բռնցքամարտով ինչ-որ բանի հասնել: Այդ ամենը 2009 թվականին էր: Հայաստանի այդ առաջնությունն էր, որ ճակատագրական եղավ ինձ համար:

-Երբ պատանեկան տարիքում էիք, ամենահեռանկարային մարզիկներից էիք: Բայց  եկավ մի պահ, որ պարզապես չկայիք տեսադաշտում: Ինչո՞ւ ձեզ չտեսանք այդ մի քանի տարիներին:

-Ամեն ինչի պատճառը վնասվածքներն էին, որոնք հաջորդում էին միմյանց: Նախ մի ձեռքս, հետո` մյուսը: Մինչ բուժում էի մի ձեռքս, գալիս էր մյուսի ժամանակը: Վիրահատություններից մեկի ժամանակ վնասել էին նյարդս, հետո մեկնեցի Գերմանիա հերթական վիրահատությանը ու այսպես շարունակ: Մի պահ նույնիսկ հասել էինք այն իրավիճակին, որ հնարավոր էր առհասարակ հեռանայի բռնցքամարտից:

-Տպավորություն է, որ այդ ամենից հետո մնացել եք բռնցքամարտում, քանի որ ինքներդ ձեզ ապացուցելու բան ունեք:

-Այո, սիրողական բռնցքամարտում ինքս ինձ ապացուցելու բան ունեմ: Մի ժամանակահատված նույնիսկ հեռուստացույցով չէի ցանկանում հետևել բռնցքամարտին: Բայց ներքուստ գիտեի, որ կարող եմ ինչ-որ բան անել: Նույնիսկ հեռուն նայելով ասեմ, որ ուզում եմ ուժերս փորձել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

-Անցնող 2023 թվականը դրական տարի էր Ձեզ համար` աշխարհի առաջնության բրոնզ, Եվրոպայի գավաթի ոսկե մեդալներ: Ինքներդ ձեզ համար ամփոփելով անցնող տարին՝ ի՞նչ կասեք:

-Եթե անկեղծ, աշխարհի առաջնության մեկնարկից 2 ամիս առաջ վնասվածք ունեի և տարբեր կարծիքներ էի լսում, թե չեմ կարողանա հաջողության հասնել կամ էլ, գուցե, կստացվի: Կարծում եմ, որ աշխարհի առաջնությունից առաջ քիչ մարզումներն էին, որ ինձ ստիպեցին կարոտել ռինգին, ինչն էլ օգնեց բրոնզե մեդալակիր դառնալ: Եվրոպական խաղերին, սակայն, չհասցրեցի մի մրցաշարից դուրս գալ և ամբողջապես մտնել մյուսի մեջ: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպայի գավաթին, ապա ամեն ինչ հրաշալի ընթացք ունեցավ:

-Բոլորս մեր մասնագիտության մեջ մի հղկված կողմ ունենք` մեր հաղթաթուղթն ունենք: Ո՞րն է ձերը:

-Որպես այդպիսին չունեմ հաղթաթուղթ: Բայց ինձ ուժ է տալիս այն, որ հիշում եմ դժվար մարզումային գործընթացը, որը նախորդում է ռինգ դուրս գալուն: Դժվարը ոչ թե ռինգի մի քանի րոպեն է, այլ այդ նախապատրաստական փուլը: Այն համառությունը, որը դնում ենք մարզումներին, դրա համար եմ ափսոսում:

-Նարեկ, ո՞րն է բռնցքամարտի գեղեցկությունը:

-Գուցե, այն աշխատանքը, որ մենք տանում ենք մարզադահլիճում: Կամ այն մարզումները, որոնք անցկացնում ենք: Բայց ինձ համար գեղեցկության մի մաս է մինչև ռինգ հասնելու ճանապարհը, ուղին` հանդերձասրահից մինչև ռինգ: Բռնցքամարտի գեղեցկությունը ռինգում ունեցած այն վայրկյաններն են, որոնց ընթացքում պետք է որոշում կայացնես:

-Թեև Ձեր դեպքում ամեն ինչ առջևում է, բայց գալու է մի օր, որ թողնեք մեծ  սպորտը: Ինչպե՞ս կցանկանաք, որ Ձեզ հիշեն:

-Դժվարանում եմ ասել․ երևի այնպիսին, ինչպիսին հիմա եմ: 

-Եվ ի՞նչ նպատակներ կան առաջիկայի համար:

-Հունվարին ունենք Հայաստանի առաջնություն, որից հետո նպատակս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է: Բոլոր մարզիկների երազանք է մասնակցել Օլիմպիական խաղերին: Թեպետ, պատանեկան խաղերին մասնակցել եմ, բայց նպատակը Փարիզի խաղերն են:

-Նարեկ, շնորհակալ եմ անմիջական զրույցի համար: 

  • Կիսվել: