երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շատ ծանր է գիտակցել, որ այլևս վերադառնալու տեղ չկա. արցախցի Արթուր Առուշանյան

Շատ ծանր է գիտակցել, որ այլևս վերադառնալու տեղ չկա. արցախցի Արթուր Առուշանյան

Կիոկուշին կարատեի աշխարհի քառակի  և Եվրոպայի վեցակի չեմպիոն, արցախցի Արթուր Առուշանյանը սեպտեմբերի 27-ից ընտանիքի հետ Երևանում է, բայց մինչև հիմա հոգեբանական առումով դժվարությունները հաղթահարել չի հաջողվում:

ArmSport-ի հետ զրույցում Առուշանյանը պատմել է Ստեփանակերտը լքելու, Հայաստանում ինտեգրման և այլ հարցերի մասին:

«Ժամանակ է պետք ամբողջ տեսածի և մտքերի հետ համակերպվելու համար: Առաջին պատերազմը չէ, որով անցում եմ, բայց շատ ծանր է գիտակցել, որ այլևս վերադառնալու տեղ չկա: Այնպես, որ մեկ օր լավ ես, մեկ օր՝ վատ: Էմոցիոնալ առումով իսկապես շատ բարդ է»,- խոստովանում է Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Արթուր Առուշանյանը և նշում՝ Արցախից դուրս գալն ամեն օր հետաձգում էր.

«Հասկանում էի, որ  դրանք վերջին րոպեներն էին: Դրանից առաջ էլ Ստեփանակերտի բենզինի պայթունի հետևանքով տուժածներին էի օգնում թե՛ դեպքի վայրում, թե՛ հիվանդանոցում: Երբ լսեցի պայթյունի ձայնը, մտածեցի՝ ամպրոպ է: Այդ օրն անձրևային էր, կայծակ էր: Հետո իմացա, որ պայթյուն է եղել, բայց չէի պատկերացնում, որ այդքան լուրջ է: Ընկերներ ունեի, որոնք տուժել էին պայթյունից»,- պատմում է Առուշանյանը:

Այդուհանդերձ, ընտանիքի անդամների ու բարեկամների հետ սեպտեմբերի 27-ին որոշել են լքել Արցախն ու 25 ժամ տևած ուղևորությունից հետո հասել Հայաստան:

«Կոռնիձոր հասնելուց հետո շատ հուզիչ էր տեսնել, թե Հայաստանում մարդիկ ինչպես էին մեզ դիմավորում, ինչ սրտացավությամբ և հոգատարությամբ: Գորիսում առաջինը մի խանութ մտա՝ երեխային սնունդ գնելու: 9 ամիս չենք իմացել, թե խանութն ինչ է: Դիմանում էինք այն հույսով, որ պետք է լավ լինի, բայց փաստն այն է, որ ամբողջ աշխարհը շատ հանգիստ հետևում էր ցեղասպանության մի փուլի ու կոչերից բացի ոչինչ չէր անում: Իսկապես, եկել եմ այն մտքին, որ Հայաստանը ոչ թե առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն, այլ միակը: Հիմա տեսնում ենք, թե ինչպես է ամբողջ մուսուլմանական աշխարհն աջակցում Պաղեստինին, իսկ Հայաստանի աջակցությանը ոչ մի քրիստոնեական ազգ չմիացավ»,- ասում է Արթուր Առուշանյանը:

Անվանի մարզիկն ու մարզիչը խոստովանում է՝ խմբերի հետ մարզումները վերսկսելու ցանկություն կա, բայց որոշակի խնդիրներ կան, բացի այդ հոգեբանորեն կենտրոնանալն է դժվար. «Ստեփանակերտում շատ հեշտ էր պայմանավորվել դահլիճների հետ, կազմակերպել այդ առօրյան, քան Երևանում: Այնտեղ մեր խմբերը գործում էին մարզադպրոցի ենթակայության տակ՝ պետական ֆինանսավորմամբ, մարզիչները ստանում էին աշխատավարձ, բայց Հայաստանում մեր մարզաձևը պետական ֆինանսավորման ծրագրում ընդգրկված չէ, մարզումներ իրականացնելու համար պետք է վարձակալենք դահլիճներ, ձևավորենք խմբեր:

Մինչ այս, երբ գալիս էի Երևան մարզվելու կամ մրցման մասնակցելու, մթնոլորտն ու զգացողությունները լրիվ այլ էին, իսկ հիմա զրոյական կետից պետք է սկսենք, հետևում չունենք այն կետը, ուր կարող ենք վերադառնալ: Այո, Հայաստանը մեր հայրենիքն է, բայց մեր տունը Արցախն է: Հիմա մնացել են միայն հիշողությունները: Անգամ այս տարիներին նվաճած իմ շուրջ 80 գավաթներից միայն 5-ն եմ կարողացել բերել ինձ հետ»,- պատմում է արցախցի մարզիկը:

Արցախում կիոկուշին կարատեի 15 խմբեր են գործել: Ստեփանակերտում, Այգեստանում և Նորագյուղում շուրջ 370 երեխա է մարզվել: Մինչև 2020 թիվը խմբեր են գործել նաև Թաղավարդում, Հադրութում, Շուշիում: Այժմ նրանք Հայաստանի տարբեր մարզերում ու համայնքներում են տեղավորվել, անընդհատ տեղափոխությունները շարունակվում են, բայց մարզիչները միմյանց ու իրենց սաների հետ կապ են պահում սոցիալական ցանցերում գործող առանձին խմբերի միջոցով:

Արթուր Առուշանյանի խոսքով՝ չնայած առկա դժվարություններին՝ ֆեդերացիայի ղեկավարներն ու մարզիչները հաստատակամ են շարունակել գործունեությունն ու մարզումային գործընթացը արցախցի սաների համար:

  • Կիսվել: