կիրակի, փետրվար 5
5 / 2 / 2023
Ռուս հոկեյիստը գերազանցել է լեգենդար Գրեցկու ռեկորդը

Ռուս հոկեյիստը գերազանցել է լեգենդար Գրեցկու ռեկորդը

«Վաշինգտոն Կապիտալս» հոկեյի թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը գերազանցել է կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկու ռեկորդը:

Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության արտագնա խաղում «Վաշինգտոն Կապիտալսը» 2։3 հաշվով պարտվել է «Կոլորադոյին»։ Հյուրերի կազմում երկրոդ գոլը խփել է Ալեքսանդր Օվեչկինը:

Ռուսաստանից հոկեյիստի համար դա եղել է 447-րդ խփած գոլը կանոնավոր առաջնության և փլեյ-օֆֆի արտագնա հանդիպումներում: Այդ ցուցանիշով նա դարձել է լավագույնը ՀԱԼ-ում՝ գերազանցելով Ուեյն Գրեցկու ռեկորդը, որն իր կարիերայի ընթացքում արտագնա խաղերում դարձել է 446 գոլի հեղինակ։

Այս մրցաշրջանում Ալեքսանդր Օվեչկինը խփել է 31 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում: Նա ՀԱԼ-ի կանոնավոր առաջնությունների լավագույն ռմբարկուների ցուցակում դեռևս զբաղեցնում է 2-րդ տեղը (811 գոլ)՝ զիջելով հենց Ուեյն Գրեցկուն (894)։

Հարկ է նշել, որ կանադացի լեգենդար հոկեյիստին պատկանում են ՀԱԼ-ի 10 ռեկորդներ, որոնք առաջիկայում դժվար թե կարողանան գերազանցել ներկայիս խաղացողները: Մասնավորապես՝ նա դարձել է 50 հեթ-տրիկի հեղինակ, 51 անընդմեջ խաղերում նրա թիմը պարտություն չի կրել, մեկ մրցաշրջանում խփել է 92 գոլ և այլն:

  • Կիսվել: