հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Համահայկական ամառային ութերորդ խաղերը կանցկացվեն օգոստոսին, բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում

Համահայկական ամառային ութերորդ խաղերը կանցկացվեն օգոստոսին, բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոմիտեի ընդլայնված կազմով առաջին նիստը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջին նիստն ընդլայնված կազմով անցկացնելը կարևոր է բոլոր հնարավոր հարցերին և խնդիրներին անդրադառնալու, դրանք ժամանակին լուծելու, կազմակերպչական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու և արդյունքում՝ Համահայկական խաղերը պատշաճ մակարդակով անցկացնելու առումով:

Նիստի սկզբում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի անցկացման ժամանակացույցն ու առաջիկա ծրագրերը:

Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված աշխատանքը և այդ առումով ընդգծել յուրաքանչյուր կառույցի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Համահայկական ամառային ութերորդ խաղերը նախատեսվում են անցկացնել ս.թ. օգոստոսին: Բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

  • Կիսվել: