ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Փյունիկը» ստացավ Հայաստանի սուպերգավաթը

«Փյունիկը» ստացավ Հայաստանի սուպերգավաթը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» ստացավ Հայաստանի սուպերգավաթը։

Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը «Փյունիկի» ավագ Արտակ Դաշյանին հանձնեց Հակոբ Տոնոյանի որդին` Արա Տոնոյանը։

«Փյունիկը» սուպերգավաթին արժանացավ առանց պայքարի։ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որում մրցում են նախորդ մրցաշրջանի չեմպիոնը և գավաթակիրը, սովորաբար անցկացվում է ամեն տարվա սեպտեմբերին:

Դեռևս մինչև  2022/2023 մրցաշրջանի մեկնարկը «Նորավանք» ֆուտբոլային ակումբը դադարեցրեց գոյությունը:

2022 թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում էր Ազգերի Լիգայի հերթական հանդիպումը՝ մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Հետևաբար, Սուպերգավաթի հանդիպման անցկացումն այդ օրը հնարավոր չէր:

Պայմանավորված եվրագավաթային ելույթներով՝ «Փյունիկի» գրաֆիկը չափազանց խիտ էր, ինչի պատճառով Սուպերգավաթի  հանդիպման անցկացումը հնարավոր չեղավ նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, ինչպես նաև, հիմնվելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կազմակերպման և անցկացման կանոնակարգի 6.09 կետի վրա, ՀՖՖ-ն կայացրել է հատուկ որոշում. չանցկացնել Սուպերգավաթի 2022 թ. հանդիպումը և մրցանակը շնորհել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին:

  • Կիսվել: