ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետրակովն ընդհանուր առմամբ գոհ է տղաների խաղից

Պետրակովն ընդհանուր առմամբ գոհ է տղաների խաղից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ընդհանուր առմամբ գոհ է տղաների խաղից: Այս մասին նա ասաց այսօր՝ հետխաղային ասուլիսի ժամանակ:

՛՛Լավ խաղ ստացվեց: Տղաները խաղացին մեծ նվիրումով: Եղան տակտիկական և այլ բնույթի սխալներ, որոնք կվերլուծենք: Բայց ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների խաղից՛՛,-նշեց նա:

Անդրադառնալով խաղային սխեմայի փոփոխությանն ու փոխարինումներին՝ Պետրակովն ասաց. ՛՛Եթե կարծում եք, որ ուշացել եմ փոխարինումների հարցում, միգուցե դուք մարզեք: Չեմ կարծում, որ ուշացել եմ: Մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր չէ լիովին ճանաչել տղաների հնարավորությունները, հասկանալ, թե ով ո՛ր դիրքում ավելի լավ հանդես կգա: Այո, փոխեցի տակտիկական սխեման, անցանք չորս պաշտպանով խաղին, քանի որ թուրքերը ևս անցել էին այդ սխեմայով խաղին, իսկ Ստյոպա Մկրտչյանը դեղին քարտ էր ստացել: Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք՛՛:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև թիմի նորեկների՝ Գեորգի Հարությունյանի , Ուգոչուկվու Իվուի և Նաիր Տիկնիզյանի խաղով, ինչին ի պատասխան՝ Պետրակովն ասաց, որ շատ գոհ է նրանց ցուցադրած խաղից:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջեց Թուրքիայի թիմին Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկային խաղում:

 

  • Կիսվել: