շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Պաբլո Գարսիան անցնում է գործի. «Նոան» տեսանյութ է հրապարակել

Պաբլո Գարսիան անցնում է գործի. «Նոան» տեսանյութ է հրապարակել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան։

Ակումբի մամուլի ծառայությունն այսօր՝ օգոստոսի 22-ին, տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է 49-ամյա մարզչի առաջին օրը նոր թիմում։ Կադրերում երևում է մասնագետի ժամանումը մարզաբազա, ծանոթությունը պայմաններին և անձնակազմին:

Տեսանյութում ներառվել է նաև թիմի առաջին ընդհանուր հավաքը, որի ընթացքում Պաբլո Գարսիան և «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը համատեղ դիմել են ֆուտբոլիստներին՝ ուղենշելով առաջիկա անելիքները։

Հիշեցնենք, որ 49-ամյա մասնագետը մինչև «Նոա» գլխավորելն աշխատել է հունական և կիպրական մի շարք ակումբներում։ Նա գլխավորել է հունական ՊԱՕԿ-ի երիտասարդական և հիմնական թիմերը, որոնց հետ հասել է լուրջ հաջողությունների՝ դառնալով Հունաստանի Մ-19 առաջնության հաղթող և երկրի գավաթակիր (2020/21 մրցաշրջանում): Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև «Պանատինաիկոսի», «Ատրոմիտոսի» և կիպրական ԱՊՕԵԼ-ի համակարգերում։

Նշենք նաև, որ Գարսիան նախկինում ունեցել է տպավորիչ խաղային կարիերա՝ հանդես գալով այնպիսի անվանի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Օսասունան» և Վիգոյի «Սելտան», ինչպես նաև պաշտպանել է Ուրուգվայի ազգային հավաքականի գույները:

  • Կիսվել: