շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը

Մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը

Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որին հայտավորված են 13-ական քաշային կարգերի 95 մարզիկ և 14 մարզուհի:

Մրցումային առաջին օրը կայացել է տղամարդկանց 16 զույգերի հանդիպում: Նրանք հանդես են եկել 54, 67, 71 և 80 կգ քաշային կարգերում: Իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տարել Հենրիկ Սահակյանը, Դավիթ Եգորյանը, Էրիկ Էվոյանը, Ռուբեն Գարբոյանը, Սուրեն Ռուբենյանը, Հարություն Մինասյանը, Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արես Հակոբյանը, Գագիկ Ղազարյանը, Նարեկ Հովհաննիսյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը, Ալեքս Բադալյանը, Հայրիկ Նազարյանը (71 կգ), ինչպես նաև 80 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանը, Պարգև Կարապետյանը և Գոռ Ղազարյանը:

Այսօր ռինգ դուրս կգան 51, 54, 57, 60, 75, 86 և 92+ կգ քաշային բռնցքամարտիկները:

Առաջնությանը չեն մասնակցում օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, որը վնասվածք ունի:

Նշենք՝ Հայաստանի առաջնությունն ընտրական է լինելու ազգային հավաքականները ձևավորելու համար:

Տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է Տաշքենդում մայիսի 1-15-ը կայանալիք աշխարհի առաջնությանը: Մինչ այդ՝ թիմը կմասնակցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 19-ին մեկնարկելիք «Ստրանջայի գավաթ» միջազգային մրցաշարին: Այնուհետև հայ բռնցքամարտիկները կմեկնեն Սերբիա, որտեղ մարտի 2-ից ևս մեկ միջազգային մրցաշարի կմասնակցեն:

Ինչ վերաբերում է կանանց մրցապայքարին, ապա Հայաստանի առաջնությունում նրանք մրցելույթները կսկսեն փետրվարի 2-ից: Առաջնության ավարտից հետո կձևավորվի կանանց հավաքական թիմը, որը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ փետրվարի 7-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում: Մարզումները կտևեն մինչև փետրվարի 23-ը:

Եվս մեկ ուսումնամարզական հավաք կանայք կանցկացնեն փետրվարի վերջին՝ նախապատրաստվելով Հնդկաստանի Դելի քաղաքում մարտի 15-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը:

Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը կավարտվի փետրվարի 4-ին:

  • Կիսվել: