հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը Դոհայում ոսկե մեդալ նվաճեց (տեսանյութ)

Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը Դոհայում ոսկե մեդալ նվաճեց (տեսանյութ)

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հիանալի է հանդես եկել Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի եզրափակչում և երկու ցատկի հանրագումարով 15,083 միավոր վաստակել։

Դավթյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը և ոսկե մեդալ նվաճել։

Դավթյանը հենացատկի որակավորման փուլում 14,733 միավոր էր վաստակել և երկրորդ տեղով անցել եզրափակիչ:

Հիշեցնենք՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչներն արդեն ավարտել են ելույթները։ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակչում երեկ չկարողացան մեդալ չնվաճել․ Ավետիսյանը զբաղեցրեց 4-րդ, իսկ Դավթյանը՝ 7-րդ տեղը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում 14,133 միավոր էր վաստակել և զբաղեցրել 10-րդ տեղը: Նույն վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը 13,500 միավորով գրավել էր 21-րդ տեղը: Երկու մարմնամարզիկն էլ դուրս չէին եկել եզրափակիչ:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության փուլերին մասնակցում է մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

  • Կիսվել: