ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարմնամարզիկները մեծ առաջընթաց են համարում Երևանում Եվրոպայի 2027 թվականի առաջնության անցկացումը

Մարմնամարզիկները մեծ առաջընթաց են համարում Երևանում Եվրոպայի 2027 թվականի առաջնության անցկացումը

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները` աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը մեծ առաջընթաց են համարում Երևանում 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացումը:

«Իսկապես ուրախ ենք, որ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մեր երկրում: Միշտ արտերկրում էինք մասնակցում, հիմա տանը կլինենք: Առաջին անգամն է, որ մեր երկրում ենք մրցելու: Մեր մարզաձևի համար այս առաջնությունը շատ կարևոր է: Եվ նոր գործիքները հետագայում կծառայեն մեր երիտասարդներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:

Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը ևս ուրախալի փաստ է համարում 2027 թվականին կայանալիք առաջնությունը Հայաստանում անցկացնելը: «Շատ ուրախ ենք և վստահ ենք, որ կրկնակի պատասխանատվությամբ ենք մոտենալու Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Երիտասարդներն էլ մեծ պատասխանատվությամբ են սկսել նախապատրաստվել: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ ամբողջ թիմով»,-ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանն իրավունք է ստացել հյուրընկալելու 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

  • Կիսվել: