ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը 94 տարեկան է

Լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը 94 տարեկան է

Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանն այսօր՝ փետրվարի 11-ին, նշում է ծննդյան 94-րդ տարեդարձը:

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում, արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։

1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։ 1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից, և դարձել բացարձակ չեմպիոն։

1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։

 

1964-2000 թվականներին եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։

Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է Ալբերտ Ազարյանի պատվին։

  • Կիսվել: