չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովը

Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնակցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովին: Համաժողովի օրակարգում ներառված էին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի՝ 2021/22 թթ․ հաշվետվության և 2023 թվականի գործունեության ներկայացման, բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ տարածքային կառույցների՝ մարզային ֆեդերացիաների հիմնադրման, 2023 թվականի ապրիլին Երևանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության նախապատրաստման ու կազմկոմիտեի ստեղծման նպատակով թեկնածուների առաջադրման, ՀՀ առաջնությունների, մրցավարության և միջազգային մրցաշարերի պատշաճ նախապատրաստության ու մասնակցության հետ կապված հարցեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ֆեդերացիայի աշխատանքն ու ձեռքբերումները. «Այն, որ բռնցքամարտում դրական տեղաշարժն առկա է, աներկբա է ու լրացուցիչ ապացույցների կարիք չունի։ 2022 թվականը շատ հաջող տարի էր ինչպես հայկական սպորտի, այնպես էլ, մասնավորապես, հայկական բռնցքամարտի համար, և դրա վկայությունը տարբեր մարզաձևերում նվաճված 307 մեդալներն են: Բռնցքամարտում ևս մեծ հաջողություններ ունեցանք, իսկ դա հնարավոր չէր լինի, եթե չլինեին մարզիչների քրտնաջան աշխատանքը, մարզիկների նվիրված մարզումները, ֆեդերացիայի հսկայածավալ աշխատանքը, Կառավարության ներդրումը սպորտում՝ առհասարակ և բռնցքամարտում՝ մասնավորապես»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ ֆեդերացիայի առջև հետագայում ավելի մեծ արդյունքներ գրանցելու խնդիր է դրված: «Մենք դեռ էլի սառույցներ ու կարծրատիպեր պետք է կոտրենք, մասնավորապես՝ պետք է ունենանք աշխարհի չեմպիոններ, քանի որ ունենք այսպիսի բռնցքամարտիկներ: Եվ ինչո՞ւ ոչ, արդեն օլիմպիական իրատեսական ոսկու մասին էլ ենք մտածում։ Այս տարվա Եվրոպական խաղերում նաև օլիմպիական վարկանիշեր են խաղարկվելու։ Ազգային հավաքականի գլխավոր մարզչի առջև Եվրոպական խաղերում առավելագույն թվով ուղեգրեր նվաճելու առաջադրանք է դրված»,- նշել է նա:

Անդրադառնալով Երևանում ապրիլին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը՝ Հովհաննես Հովսեփյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսված ծրագրի: Ինչ վերաբերում է առաջնության անցկացման վայրին, ապա ներկայում քննարկվում է «Միկա» մարզադահլիճի տարբերակը:

Համաժողովի ընթացքում բարձրաձայնվել և քննարկվել են նաև Հայաստանի առաջնություներին և մրցավարությանը, միջազգային ստուգատեսներին ՀՀ հավաքական թիմերի պատշաճ մասնակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։ Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանի առաջնության ժամանակ լինելու են բողոքարկման նոր ձևաչափ ու հանձնաժողով։

Մարտին բռնցքամարտի կանանց հավաքականը մասնակցելու է Հնդկաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, իսկ տղամարդկանց աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու մայիսին՝ Ուզբեկստանում:

  • Կիսվել: