շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ձիասպորտի հավաքականի ներկայացուցիչը հնարավոր է մասնակցի Փարիզի ՕԽ-ին

ՀՀ ձիասպորտի հավաքականի ներկայացուցիչը հնարավոր է մասնակցի Փարիզի ՕԽ-ին

ՀՀ ձիասպորտի հավաքականի անդամ Քերրի Աղաջանյանը, հնարավոր է, մասնակցի Փարիզում 2024 թվականին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին:

Գեղավարգ /դրեսաժ/ մրցաձևում Աղաջանյանը, Սոմյուր անունով 16-ամյա իր նժույգով, բավականին բարձր միավորներ է վաստակել Հոլանդիայի Ռոտերդամում անցկացված Եվրոպայի, իսկ Դանիայի Հերնինգ քաղաքում՝ աշխարհի առաջնություններում, ԱՄՆ–ի Վելինգտոնի միջազգային վարկանիշային մրցաշարում և այլն:

ՀՀ ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում նշել է, որ մինչ փարիզյան ստուգատեսը մարզուհին կմասնակցի ևս մի շարք վարկանիշային մրցաշարերի, կավելացնի իր միավորների քանակը և, հավանաբար իրավունք կստանա մասնակցել օլիմպիական խաղերին:

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

  • Կիսվել: