շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԲՖ նախագահին հրավիրում եմ մենամարտի, եթե ինձ ասելիք ունի՝ թող գա․ Հակոբկոխյան

ՀԲՖ նախագահին հրավիրում եմ մենամարտի, եթե ինձ ասելիք ունի՝ թող գա․ Հակոբկոխյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին հրավիրում եմ հանդիպման՝ ռինգում, մենամարտի: Եթե նա ինձ ասելիք ունի, թող գա մենամարտի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:

Երեւանում անցկացված բռնցքմարտի Հայաստանի առաջնության մեկնարկի օրը լեգենդար բռնցքամարտիկը բողոքի ակցիա էր արել ընդդեմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի: Հակոբկոխյանի որդուն թույլ չէին տվել մասնակցել Հայաստանի առաջնությանը այլ ֆեդերացիայի անունից միջազգային մրցաշարի մասնակցելու պատճառով:

«Օրերս ֆեդերացիայի էջում մի հոդված հրապարակվեց, որտեղ ֆեդերացիաի նախագահն իմ հասցեին անհարգի արտահայտություններ է արել: Այս ասուլիսը չէի հրավիրի, եթե չլիներ այդ հոդվածում հետեւալ միտքը, թե՝ ով է Իսրայելը, ով է՝ ինքը: Եկել եմ պատասխանելու, թե ով եմ ես:  Ինձ բռնցքամարտի ամբողջ աշխարհն է ճանաչում: Աշխարհում չկա մի ռինգ, որտեղ մտած չլինեմ, որը տեսած չլինեմ: Ամբողջ Սովետական Միությունում ես եղել եմ համար առաջին բռնցքամարտիկների շարքում: Այսօր ֆեդերացիան գլխավորող անձնավորությունը բռնցքամարտում ոչ անցյալ է ունեցել, ոչ էլ ապագա է ունենալու: Ներկայով էլ գլուխ գովալ չի կարելի, որովհետեւ այսօրվա իրականությունը ցավալի է: Եթե մի բան սկիզբ ունի, ավարտ էլ ունի: Հնարավոր չէ, որ այսպիսի թափթփուկներ հետագայում ապագա ունենան:

Թող իմանան՝ ով եմ ես, ով են իրենք բռնցքամարտի աշխարհում: Բռնցքամարտում 3 տեսակ հարված կա եւ շուրջ 15 կոմբինացիա: Եթե Հայաստանում կլինի մեկ մարզիկ, մարզիչ, գործող, ավարտած բռնցքամարտիկ, որը կկարողանա այդ տերմիններն իմ կեսի չափ ցույց տալ, ես բռնցքամարտից կհեռանամ եւ մարզաձեւի անունը չեմ տա: Այս կապիկները որոշել են, որ կարող են Իսրայել Հակոբկոխյանի մասին իրականությանը չհամապատասխանող բաներ խոսել:

Իմ որդին նախորդ տարի զբաղեցրեց 2-րդ տեղը, չնայած հաղթանակը նրանն էր: Ասացի՝ լավ: Ստացվում է, որ հավաքականում նա պետք է լինի երկրորդ համարը, բայց նրան չընդգրկեցին ոչ հավաքական, որ հավաքների տարան, ոչ մրցաշարերի: Ես անձամբ եմ դիմել ֆեդերացիայի նախագահին եւ հավաքականի գլխավոր մարզիչին, թե ինչու չեն տանում մրցաշար: Ասել են՝  հաջորդին կտանենք. այդպես ամեն անգամ: Նույնիսկ, առաջարկել եմ իմ գումարներով ընգրկել կազմ, եթե ֆինանսավորման խնդիր կա: Ասել են՝ ոչ: Ես ինքս եմ տեղեկացել, որ հավաք են անցնում, զանգել եմ հավաքականի մարզիչին, որը ինչպես ֆեդերացիայի նախագահը, բռնցքամարտի հետ կապ չունի: Նրա կողմից մարզումներին միանալու առաջարկ չի եղել: Նա ասում է առաջարկել է, բայց այդպիսի բան չի եղել: 

Իմ տղան հավաքականի կազմում մասնակցել է միայն մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Առաջին մենամարտից պարտվեց կողմնակալ մրցավարության արդյունքում: Բոլորն էլ տեսան, ով հասկանում է բռնցքամարտից՝ կփաստի, որ ռինգի մրցավարն ու կողային մրցավարներն ամեն ինչ արեցին, որ իմ տղան պարտվի: Ես իմ կյանքում չէի տեսել, որ մենամարտի առաջին րոպեից տվյալ անկյան մարզիկին նկատողություն տան: Այդ մենամարտից հետո բարկացած դուրս եկա եւ ինքս ինձ բարձրաձայն քննարկում էի, թե ինչպես սխալ մրցավարության արդյունքում որդուս հաղթանակը ձեռքից առան: Մի քանի մետր այն կողմ երեք ադրբեջանցիներ էին կանգնած, որոնք իրենց հավաքականի մարզիչներից էին, լսել էին, թե ինչպես էի վրդովված խոսում պարտությունից հետո: Մոտեցան, ասացին՝ բողոքարկեք, բայցահայտ կողմնակալ մրցավարություն էր: Ես հասարակ մարզիչ եմ, իրավունք չունեմ, բողոքարկեմ, պետք է ֆեդերացիայի նախագահը բողոքարկի, որը նստած հետեւում էր: Հետիս մարզիչին ասացի՝ գնա ասա, թող բողոքարկի, եթե ցավում է հայկական բռնցքամարտի համար: Նա չբողոքարկեց, իմ տղան դուրս մնաց պայքարից: Հետո կանգնեցին ասացին, թե Իսրայել Հակոբկոխյանն իրեն լավ չպահեց Եվրոպայի առաջնությունում, իմ վարքագծից խոսեցին:

Մենք Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի հետ մասնակցեցինք մի քանի մրցաշարերի: Ֆեդերացիայի նախագահը Գառնիկ Հարությունյանն է, որը WBC-ի հետ պայմանագիր ունի եւ իրավունք ունի թիմ ներկայացնել միջազգային մրցաշարերի: Մենք մրցաշարերի մասնակցեցինք Լեհաստանում, նաեւ Մեքսիկայում ունեցանք մեկ 4-ռաունդանոց պրոֆեսիոնալ մենամարտ: Շատ շնորհակալ եմ Գառնիկ Հարությունյանին, ով իմ տղային տվեց այդ հնարավորությունը եւ ընդգրկեց թիմի կազմ: Հիմա ինձ ասում են, թե ես իրավունք չունեմ այլ ֆեդերացիայի կողմից մասնակցել միջազգային մրցաշարի: Սուտ նամակ են ստեղծել, իբր այն ուղարկել է EUBC-ն եւ արգելում է ազգային ֆեդերացիան չներկայացնող մարզիկներին մասնակցել միջազգային մրցաշարերի: Այդ նամակում, որն իբր ուղարկել է EUBC-ն՝ գրված է, որ դուք ձեր ներքին հարցերը լուծեէ ֆեդերացիայի ներսում եւ կայացրած որոշման մասին մեզ տեղյակ պահեք: Ֆեդերացիան որոշել է, որ պետք է արգելի: Ինձ պայմանագիր էին առաջարկում, ասում էին՝ արի, ստորագրի, որ առանց ֆեդերացիայի իմացության, որեւէ մրցաշարի այդ ֆեդերացիայի կողմից չես մասնակցելու: Ես էլ չգնացի: Նրանք ուզում էին ինձ գերի վերցնել: Ես ինչո՞ւ պետք է ստորագրեմ, իմ տղան պետք է մասնակցի մրցաշարերի, որպեսզի որպես բռնցքամարտիկ աճ ունենա:

Եթե ֆեդերացիայի նախագահը բան ունի ինձ ասելու կամ այս ասուլիսից հետո ինչ-որ բան կարող է ինձ ասել, թող գա ինձ հետ մտնի ռինգ. հրավիրում եմ մենամարտի: Ես տարիքս առած, ծեր մարդ եմ, նա ինձանից 30 տարի երեւի երիտասարդ է, թող ինձ հետ մենամարտի: Նա չի կարող ինձ գերի վերցրել: Նա իր կարճ խելքով որոշել էր, որ ես կգնամ եւ իր պայմանների տակ կստորագրեմ: Նա եկել է ոչ թե հայկական բռնցքամարտը զարգացնի, այլ բռնցքամարտի հաշվին գումար աշխատի: Նա ուզում է բոլոր բռնցքամարտիկներին գերի վերցնել, ինչպես ասի, այդպես անեն:

Հայաստանի առաջնությունն անցկացվում է պետության գումարներով: Որեւէ մեկն իրավունք չուներ իմ որդուն արգելել մասնակցել: Ես դիմել եմ ԿԳՄՍ եւ ՀԱՕԿ, թե ինչպես են արգելում: Նրանց էլ ֆեդերացիան այդ սուտ նամակն է դեմ տվել:

Ժամանակին մենք ունեցել ենք հանճարեղ մարզիչ Արիստակեսյան: Նրա շնորհիվ հայկական դպրոցը միշտ աչքի է ընկել, երեւացել է: Ես հետեւեցի Հայաստանի առաջնությանը: Այնտեղ նորմալ բռնցքամարտ չտեսա: Կարող են «շաշի» բախտով մեկ անգամ հաջողության հասնել: Հիմա հայկական բռնցքամարտում «տուրուդմփոց հիվանդանոց» վիճակ է»,- ասաց Իսրայել Հակոբկոխյանը:

  • Կիսվել: