ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի են Ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի օգնականների անունները

Հայտնի են Ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի օգնականների անունները

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռևս Հայաստանում գտնվելու օրերին առաջին հարցազրույցն էր տվել ՀՖՖ TV-ին: Այն ժամանակ իսպանացի մասնագետը հիմնականում խոսել էր Հայաստանի հավաքականը գլխավորելու իր որոշման, Հայաստանի հետ առաջին ծանոթության մասին։ Անցած շաբաթների ընթացքում Խոակին Կապառոսն ավելի մասնրամասն ուսումնասիրել է Հայաստանի հավաքականի վերջին տարիների խաղերը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ ակումբային հանդիպումները, զրուցել նրանցից մի քանիսի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ բացառիկ հարզացրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է իր կատարած աշխատանքի և ապագա ծրագրերի մասին.

 
 

 -Պարոն Կապառոս, արդեն 3 շաբաթ է՝ գլխավորում եք հավաքականը և չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված եք եղել մեկնել Իսպանիա, բայց գիտենք, որ աշխատում եք ամենօրյա ռեժիմով և ուսումնասիրում եք մեր հավաքականը: Որո՞նք են ձեր գլխավոր եզրահանգումները:

-Դիտել եմ հավաքականի վերջին հանդիպումները, այժմ  գնահատում և վերլուծում ենք բոլոր ֆուտբոլիստներին անհատապես: Իմ օգնական Լուսիանոն ինձ համար տեսանյութեր է պատրաստում: Մենք վերլուծում ենք թիմի բոլոր գործողությունները՝ խաղը տարբեր օղակներում, դրանց միջև համագործակցությունը, ֆուտբոլիստների անհատական ցուցանիշները տարբեր դիրքերում և  խաղի այլ բաղկացուցիչներ:

 

-Նախորդ շրջափուլում մեր հավաքականը մի քանի տպավորիչ հաղթանակ տարավ, ի՞նչն էր ընկած այդ հաջողության հիմքում:

-Նվիրվածությունը, թիմային ոգին և մենթալիտետըԸնդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում:

-Խաղային ո՞ր օղակները բարելավման կարիք ունեն:

-Երևում է, որ տղաները տեխնիկապես լավ են պատրաստված: Շատերը բարձրակարգ առաջնություններում են հանդես գալիս: Մենք լավ հավաքական ունենք, սակայն կատարելագործվելու տեղ միշտ կա: Հիմա մենք մանրամասնորեն վերլուծում ենք հավաքականի բոլոր խաղերը և ֆուտբոլիստներին, որպեսզի հասկանանք՝ ինչի կարող ենք հավակնել:

 
 

-Մեր թիմը շատ ավելի լավ է խաղում ուժեղ մրցակիցների դեմ, և հաճախ դժվարություններ է ունենում կարգով ավելի թույլ թիմերի դեմ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Կարծում եմ` դա պայմանավորված է մենթալիտետով: Մենք պետք է սերմանենք այն գիտակցությունը, որ չկան ուժեղ և թույլ մրցակիցներ և որ բոլոր խաղերը, նույնիսկ ընկերականները, շատ կարևոր են: Յուրաքանչյուր խաղի պետք է վերաբերվել որպես եզրափակչի:

-Իսպանիայում մշտապես աչքի եք ընկել երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանք կատարելու ունակությամբ: Պատրաստվո՞ւմ եք թարմացնել հավաքականի կազմը՝ ընդգրկելով նաև երիտասարդ ֆուտբոլիստների:

 

-Մենք մշտապես կապի մեջ կլինենք տարիքային տարբեր հավաքականների մարզիչների հետ և միասնաբար կաշխատենք գլխավոր թիմի համար համապատասխան ֆուտբոլիստներ գտնելու ուղղությամբ: Այժմ ես աշխատում եմ մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ, որն ինձ ֆուտբոլիստների մասին տեղեկություններ է տրամադրում և պատրաստում տեսանյութեր: Երբ մրցաշարերը վերսկսվեն, արդեն անձամբ կդիտենք նրանց ելույթները:

-Իսկ կա՞ն թեկնածուներ, ովքեր նախկինում չեն կրել հավաքականի մարզաշապիկը, կամ տևական դադարից հետո կրկին կհրավիրվեն հավաքական:

 

-Մենք հետևում ենք թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին: Ամենակարևորն այն է, որ նրանք մեծ ցանկություն ունենան միանալ հավաքականին և պաշտպանել մեր թիմի պատիվը:

-Հասցրե՞լ եք շփվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Ո՞ւմ հետ և ի՞նչ հարցեր եք քննարկել:

- Կցանկանայի բոլորի հետ անձամբ զրուցել, սակայն հանգամանքները թույլ չտվեցին: Խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ, նրա խաղը բազմիցս դիտել եմ: Համոզվեցի, որ ոչ միայն տաղանդ և խաղային շատ բարձր որակներ ունի, այլև մարդկային հիանալի հատկանիշներ: Նա առաջնորդ լինելու կարողություն ունի, նվիրված է իր երկրին և հավաքականին ու խանդավառված է մեր նոր նախագծով:

 

Այն ֆուտբոլիստների մասին, ովքեր մեզ կարող են միանալ․ օրինակ, խոսել եմ Արշակ Կորյանի հետ, որը նույնպես շատ ոգևորված է հավաքականում հանդես գալու հնարավորությամբ: Նա նշեց, որ նախկինում ևս ցանկացել է միանալ հավաքականին, սակայն «լեգեոներների» հետ կապված խնդիրը մշտապես խոչընդոտ է հանդիսացել:

-Ձեր մարզչական շտաբն արդեն հայտնի՞ է։

-Մեր մարզչական շտաբում ընդգրկված են իմ բազմամյա օգնական Լուսիանո Մարտին Տոսկանոն, ինչպես նաև Սուրեն Չախալյանը և Ռոման Բերեզովսկին: Այժմ սպասում ենք, որ մեզ միանա նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Եթե հանգամանքների բերումով նա չկարողանա միանալ մեզ, ապա կհրավիրենք այլ մասնագետի: Բացի դրանից, կուզեի հիշեցնել, որ տարիքային բոլոր խմբերի հավաքականների մազիչները նույնպես մեր մարզչական շտաբի անդամներն են: Բոլորս միասին պետք է ձգտենք հասնել լավագույն արդյունքի:

 

ՀՖՖ մամուլի ծառայություն

  • Կիսվել: