շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականն ԱԱ-ի թիմային հաշվարկում առաջինն է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականն ԱԱ-ի թիմային հաշվարկում առաջինն է

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

 

 

Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկամարտի երկու մեդալ նվաճեց ԱԱ-ում։ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով դարձավ աշխարհի 88-րդ առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն՝ երկամարտի 460 կգ արդյունքով։

 

Գոռ Սահակյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ Լալայանը պոկում և հրում վարժություններում է արժանացել փոքր բրոնզե մեդալներին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները՝

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 377 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը (175 + 202 կգ): Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը՝ Կարապետյանն արժանացել է այս վարժության փոքր ոսկե մեդալին:

81 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում գլխավերևում պահելով 162 կգ ծանրաձողը՝ նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 393 կգ (183+210 կգ) արդյունքով գրավել է 5-րդ տեղը։ Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահել է 183 կգ ծանրաձողը, նվաճել է փոքր արծաթե մեդալ և սահմանել երիտասարդների աշխարհի ռեկորդ։ Երկամարտի արդյունքով ևս Կարապետյանը երիտասարդների աշխարհի ռեկոդ է սահմանել։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը երկամարտի 394 կգ (178+216 կգ) արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Աշխարի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ (164+208 կգ), իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը՝ 9-րդ հորիզոնականը՝ երկամարտի 368 կգ արդյունքով (168+200 կգ):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ երկամարտի 450 կգ արդյունքով (200+250 կգ)։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել։

Հիշեցնենք՝ աշխարհի 88-րդ առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ էին հայտավորված: Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: