Հաղթանակս նվիրում եմ հայ եւ եզդի ազգերին․ Մալխաս Ամոյան
Հաղթանակս նվիրում եմ հայ եւ եզդի ազգերին եւ անչափ ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել բոլորին: Այս հաղթանակի համար շնորհակալ եմ մարզիչներիս, ծնողներիս, հորեղբայրներիս, իմ քույր եւ եղբայրներին, ընկերներիս, բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհին իմ կողքին են եղել, աջակցել եւ հավատացել են ինձ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տիրանայից ասաց Եվրոպայի հնգակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ հռչակվեց չեմպիոն:
77 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը լարված գոտեմարտում 1:1 հաշվով հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին։
Ոսկե մեդալի ճանապարհին Մալխաս Ամոյանն անցկացրեց 4 գոտեմարտ: 1/8 եզրափակիչում 4:0 հաշվով պարտության մատնեց շվեդ Կառլ Հյուգո Բաֆին, քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Իրֆան Միրզոեւի նկատմամբ, կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուին։
Մալխաս, շնորհավորում եմ Եվրոպայի 5-րդ չեմպիոնության կապակցությամբ: Դու 5-րդ տարին անընդմեջ անգերազանցելի ես Եվրոպայում: Բարդ տրվե՞ց հաղթանակդ:
Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Շատ ուրախ եմ, որ կարողացա 5-րդ անգամ նվաճել տիտղոսը: Իսկապես բարդ տրված հաղթանակ էր: Ամեն տարի էլ ավելի դժվար է տրվում, հաղթելու պատասխանատվությունն ավելի է մեծանում, բայց ուրախ եմ, որ կարողացա հավաքել ուժերս, կենտրոնանալ եւ չեմպիոնական կոչումով ավարտել այս առաջնությունը:
Մինչեւ եզրափակիչ 3 տպավորիչ հաղթանակ ունեցար, բայց եզրափակիչը, կարծես, լարված ստացվեց: Ինչո՞վ առանձնացավ Զոիձեի հետ պայքարը. նրան բազմիցս հանդիպել էիր մրցագորգում:
Անկեղծ ասած՝ կուզեի ավելի լավ գոտեմարտ անցկացնել եզրափակիչում: Ինձ դուր չեկավ այն գոտեմարտը, որն անցկացրի, բայց այդ պահին ինձ միայն հաղթանակ էր պետք: Կարեւոր խնդիրս այն էր, որ գորգից միայն հաղթանակով դուրս գայի: Զոիձեի հետ բազմիցս հանդիպել էինք մրցագորգում, իրար լավ ճանաչում էինք: Նա տեխնիկապես հարուստ եւ վտանգավոր ըմբիշ է, այդ պատճառով փորձում էի նրա հետ մի փոքր զգույշ գոտեմարտել, որպեսզի սխալ թույլ չտայի:
Առաջնությունից առաջ առողջական խնդիր ես ունեցել: Ինչպե՞ս կարողացար կենտրոնացնել քեզ: Ի՞նչը քեզ ուժ տվեց մրցագորգում հաղթական պայքարի համար:
Եվրոպայի առաջնությունից առաջ իսկապես վատառողջ էի տեւական ժամանակ, բայց ամեն ինչ արեցի, որ ինձ չխանգարի: Աստծո նկատմամբ հավատս, իմ անցած ճանապարհի նկատմամբ հավատս ինձ ուժ տվեց այս հաղթանակի համար: Երբ հետ եմ նայում եւ տեսնում, թե ինչի միջով եմ անցել այս ճանապարհին, ուժ եմ ստանում: Այս ամենից բացի, ճիշտ մարզումներիս շնորհիվ կարողացա հոգեպես ավելի լավ տրամադրվել գոտեմարտերին, առաջնությանը եւ հաղթող ճանաչվել:
Ի՞նչ զգացողություններ ապրեցիր պատվո հարթակին 5-րդ անգամ կանգնելիս: Ու՞մ ես նվիրում հաղթանակդ:
Նախ՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլորին ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար: Ես մրցագորգում ամեն վայրկյան զգում եմ եզդի եւ հայ ազգի աջակցությունը:
Պատվո հարթակին ամեն անգամ տարբեր զգացողություններ եմ ունենում: Այս անգամ էլ նորից անբացատրելի էր ամեն ինչ, երբ հնչեց հայոց հիմնը: Հաղթանակիս համար շնորհակալ եմ Աստծուն, որ միշտ իմ կողքին է: Իմ հավատն է ինձ ուժ տալիս: Այս հաղթանակի համար շնորհակալ եմ մարզիչներիս, ծնողներիս, հորեղբայրներիս, իմ քույր եւ եղբայրներին, ընկերներիս, բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհին իմ կողքին են եղել, աջակցել եւ հավատացել են ինձ: Այդ հավատի, նաեւ իմ անցած ճանապարհի, մեծ աշխատանքի, մարզումների շնորհիվ բոլորով ունենք այս արդյունքը: Հաղթանակս նվիրում եմ հայ եւ եզդի ազգերին եւ անչափ ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել բոլորին:


