Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի վիճակը ծայրահեղ ծանր է
Ռոման Կոստոմարովն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում է հիվանդանոցում։ Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը շարունակում է պայքարել կյանքի համար: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Ինչպես հայտնում է Mash տելեգրամ-ալիքը, 46-ամյա մարզիկի մոտ սեպսիսի պատճառով երկրորդային մենինգիտ է առաջացել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոստոմարովի մոտ ախտահարված է ուղեղի մի մասը։ Տեղեկություններ են հայտնվել նաև, որ նախկին գեղասահորդը լյարդի հետ կապված լուրջ խնդիրներ է ունենում այտուցի և դեղերի քանակի պատճառով:
Ինչպես հայտնում է «Իզվեստիան», այս պահին նա միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին։
Հիշեցնենք, որ Կոստոմարովը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել 2023 թվականի հունվարի 10-ին։ Ավելի ուշ նրան տեղափոխել են Կոմունարկա։ Այնտեղ անդամահատել են նրա ոտքի մի մասը և ձեռքի մի քանի մատները։
Կոստոմարովը Թուրին-2006-ի օլիմպիական չեմպիոն է: Փետրվարի 20-ին լրացել է Տատյանա Նավկայի հետ դուետով օլիմպիական ոսկին նվաճելու ուղիղ 17 տարին:
Բացի այդ, ռուսական դուետը հաղթել է աշխարհի երկու առաջնություններում։ Երեք անգամ Կոստոմարովն ու Նավկան դարձել են Եվրոպայի չեմպիոններ։


