շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե կարողանանք լավ արդյունք գրանցել Թուրքիայում՝ ի զորու կլինենք նաև հավասարը հավասարի դեմ պայքարել Խորվաթիայի դեմ. դուրս ենք գալու խաղադաշտ, որպեսզի հաղթենք՝ ուրիշ տարբերակ չկա. մեր ընտրանին պատրաստվում է առաջիկա հանդիպումներին

Եթե կարողանանք լավ արդյունք գրանցել Թուրքիայում՝ ի զորու կլինենք նաև հավասարը հավասարի դեմ պայքարել Խորվաթիայի դեմ. դուրս ենք գալու խաղադաշտ, որպեսզի հաղթենք՝ ուրիշ տարբերակ չկա. մեր ընտրանին պատրաստվում է առաջիկա հանդիպումներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում առաջիկայում կանցկացնի երկու հանդիպում: Սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի սաները Թուրքիայի հարկի տակ կպայքարեն 3 միավորի համար, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կընդունեն Խորվաթիայի ընտրանուն, գրում է zarkerak.am-ը:

Նշենք, որ մեր ազգային հավաքականը ընտրական D խմբում երեք հանդիպում է անցկացրել, որոնցից երկուսում հաղթել է (Ուելսի դեմ արտագնա խաղում 2-4 հաշվով, Լատվիայի դեմ տնային խաղում՝ 2-1 հաշվով), մեկում պարտվել (Թուրքիայի ընտրանուն՝ 1-2 հաշվով) ու մինչ Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ խաղերը՝ խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Առաջիկա հանդիպումների կարևորության ու մեր հավաքականում տիրող տրամադրության մասին Zarkerak.am-ը զրուցեց Հայաստանի հավաքականի 20-ամյա պաշտպան, Խորվաթիայի «Օսիեկ» թիմի ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանի հետ:

«Իհարկե, սրանք մեր կարևորագույն խաղերն են, եթե առաջիկա խաղերի ժամանակ մենք մեզ լավ չդրսևորենք ու դրական արդյունք չգրանցենք, նախորդ հանդիպումների հաղթանակներն անիմաստ կլինեն: Մենք կարելի է ասել ներկայիս դրությամբ դեռ ոչինչ չենք արել, իհարկե, սկիզբը լավ է ստացվել, բայց դրանով ամեն ինչ չի վերջանում, պետք չէ շատ ոգևորվել, պետք է առաջ շարժվենք ու տրամադրվենք առաջիկա հանդիպումներին: Այս խաղերին էլ պատրաստվում ենք այնպես, ինչպես նախորդ խաղերին ենք պատրաստվել, դուրս ենք գալու դաշտ, որպեսզի հաղթենք, ուրիշ տարբերակ չկա»:

Ստյոպա Մկրտչյանը նշեց, որ հավաքականում մթնոլորտը շատ լավ է. «Առաջիկա հանդիպումներին պատրաստվում ենք 100 տոկոսով, բոլորս խաղադաշտ ենք մտնելու հաղթելու համար և դրա համար ամեն ինչ անելու ենք: Նախորդ երկու հավաքականներն էլ շատ ուժեղ էին (Ուելս, Լատվիա խմբ.), բայց կարողացանք լավ խաղ ցույց տալ ու կարևորը միավորներ վաստակեցինք: Իրականում մեր խաղի որակի վրա ազդել է և՛ հավաքականում սերնդափոխությունը, և՛ մարզչի գործոնը: Ֆուտբոլիստները հիմա էլ շատ լավ մարզավիճակում են, կարևորն այն է, որ բոլորը հարյուր տոկոսով նվիրվում են խաղերին»:

Անդրադառնալով գլխավոր մարզչի դերին և ֆուտբոլիստների հետ փորձի փոխանակմանը՝ Մկրտչյանն ասաց. «Ալեքսանդր Պետրակովը պահանջկոտ մարզիչ է, ինձ համար դա լավ է, որովհետև եթե ուզում ես, որ ֆուտբոլիստը լավ ֆուտբոլ խաղա, անի առավելագույնը, ուրեմն պետք է դա նրանից պահանջես: Ես հասկանում եմ, թե մարզիչն ինչ է պահանջում ինձնից: Ես իմ խաղընկերներից շատ բան եմ սովորում, օրինակ հենց մեր թիմի ավագից՝ Վարազդատ Հարոյանից, ֆուտբոլում պետք է փորձես ամեն ինչ քաղել թե՛ մարզիչից, թե՛ ֆուտբոլիստներից: Այս պահին հավաքականում շատ ֆուտբոլիստներ կան, որոնցից շատ բան կարելի է սովորել»:

Խաղադաշտ մտնելիս 20-ամյա պաշտպանի համար ամենակարևորը վստահությունն ու սառնասրտությունն է. «Ամենակարևոր բաներից մեկն իմ կարծիքով վստահությունն է, որը պետք է ֆուտբոլիստին, ես ինքս բոլոր խաղերին նույն կերպ եմ տրամադրվում, ինձ համար ուժեղ կամ թույլ հավաքականներ չկան: Այսօր ֆուտբոլն այնպես է, որ ով տվյալ խաղին ավելի պատրաստ եղավ, նա էլ կհաղթի: Փորձում եմ յուրաքանչյուր խաղի ուժերիս ներածին չափով անել ամեն ինչ թիմիս օգուտ տալու համար»:

Ստյոպա Մկրտչյանի խոսքով՝ հավաքականի հաղթանակներին շատ է նպաստում նաև երկրպագուների ներկայությունը. «Իրականում մեզ համար շատ կարևոր է երկրպագուների ներկայությունը, որովհետև մի ուրիշ զգացողություն է, երբ խաղում ես տանը, և լրիվ ուրիշ զգացողություն է, երբ խաղում ես դրսում, որովհետև երբ դու տանն ես խաղում, զգում ես, որ քո թիկունքին մի ամբողջ ազգ է կանգնած: Շնորհակալ ենք բոլոր երկրպագուներից և հուսով ենք, որ առաջիկա խաղերին նույնպես նրանք իրենց աջակցությամբ կօգնեն մեզ հաղթանակի հասնել»:

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի սպորտային տնօրեն, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկա հանդիպումներից դրական ակնկալիք ունի. «Վերջին խաղերը ցույց տվեցին, որ մեր թիմը կարողանում է, թե՛ լավ  գրոհներ ստեղծել, թե՛ պաշտպանությունում ամուր դիրք գրավել: Իհարկե, հոգեբանորեն շատ դժվար է Թուրքիայում խաղալը, բայց մեր մարզիչը տղաներին շատ լավ պատրաստում է այդ խաղին, ես համոզված եմ, որ մենք լավ ֆուտբոլ կխաղանք և ամենավատը ոչ-ոքին կլինի, բայց համոզված եմ, որ ամեն դեպքում հաղթանակ կտանենք»:

Ոսկանյանի խոսքով՝ Թուրքիայի ընտրանին պատրաստված է, բայց մեր հավաքականն արդեն ապացուցել է, որ պատրաստ է նման թիմի դեմ խաղին. «Ես Թուրքիայի հետ նախորդ խաղից առաջ նշել էի, որ մեր թիմն ի զորու է այս հավաքականի հետ խաղալ ու հաղթել ու խաղն էլ ցույց տվեց, որ մենք այդտեղ պարզապես միավորներ կորցրինք, վատագույնը գոնե պետք է ոչ-ոքի լիներ: Այդ խաղից հետո մեր երկրպագուներն էլ հասկացան, որ մեր հավաքականը պատրաստ է նման թիմերի դեմ խաղալ ու ինչու ոչ հակառակորդի հարկի տակ հաղթանակի հասնել»:

Անդրադառնալով Թուրքիայի դեմ արտագնա խաղում ֆուտբոլիստների հոգեբանական վիճակին՝ Ոսկանյանն ասաց. «Իսկապես բարդ է խաղալ հակառակորդի հարկի տակ լեփ-լեցուն մարզադաշտում երկրպագուների ճնշման ներքո,  բայց, եթե փորձառու ֆուտբոլիստ ես, այսպիսի գործոնը չի կարող ազդել քեզ վրա: Ես համոզված եմ, որ մեր տղաների մեծ մասը փորձառու է, նման մարզադաշտերում խաղացել է ու իմ կարծիքով՝ տղաների համար ավելի մեծ մոտիվացիա կլինի այն, որ Թուրքիայի հարկի տակ նրանց երկրպագուների ներկայությամբ հաղթանակ տանեն»:

Խոսելով Խորվաթիայի ընտրանու դեմ տնային խաղի և մեր շանսերի մասին՝ Արթուր Ոսկանյանն ասաց. «Պետք է հաշվի առնել այն, թե ինչպես կընթանա Թուրքիայում խաղը, ես արդեն ասացի, որ գրեթե համոզված եմ, որ հաղթելու ենք, այդ պարագայում այստեղ Խորվաթիայի ընտրանու դեմ խաղում տղաներն ավելի մոտիվացված կլինեն: Խորվաթիայի հավաքականում խաղում են շատ փորձառու ֆուտբոլիստներ, նման հավաքականի դեմ խաղում ավելի մեծ ուշադրություն պետք է լինի, քանի որ մեր թիմի ցանկացած սխալ հակառակորդը կարող է օգտագործել: Կարևոր է, որ Թուրքիայի հետ խաղից հետո տղաներն ավելի հավաքված լինեն, տրամադրվեն ու ամբողջ ուժերը կենտրոնացնեն Խորվաթիայի դեմ խաղի վրա: Եթե կարողանանք լավ արդյունք գրանցել Թուրքիայում, ի զորու կլինենք նաև հավասարը հավասարի դեմ պայքարել Խորվաթիայի նման թիմի դեմ: Խորվաթիայի ընտրանին նույնիսկ աշխարհի խաղերի ժամանակ խաղի ընթացքում ավելի շատ ինքն էր տիրում գնդակին և ինքն էր թելադրում խաղը, այստեղ մեր հավաքականն ավելի շատ պետք է կարողանա պաշտպանությունում ամուր լինել և աշխատել հակագրոհների վրա»:

Ոսկանյանի խոսքով՝ այն ֆուտբոլիստները, որոնք հրավիրվել են հավաքական, լավ մարզավիճակում են գտնվում. «Բոլոր ֆուտբոլիստներն արդեն մեծ փորձ ունեն, իրենց ակումբներում խաղերին մասնակցում են: Շատ լավ է, որ Ստյոպա Մկրտչյանն է արդեն հիմնական կազմում մասնակցում խաղերին, մի փոքր Վարազդատ Հարոյանի խնդիրն է, որ երկար ժամանակ խաղային փորձ չունի, բայց նա էլ փորձառու ֆուտբոլիստ է, կարծում եմ խնդիրներ չեն լինի: Մնացած ֆուտբոլիստներն էլ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում բոլորն էլ իրենց թիմերում խաղում են, եթե ոչ հիմնական կազմում, ապա գոնե երկրորդ խաղակեսում մասնակցում են հանդիպմանը: Բոլորն էլ լավ մարզավիճակում են գտնվում և կարծում եմ՝ պատրաստ են առաջիկա հանդիպումներին»:

Արթուր Ոսկանյանի կարծիքով էլ՝ երկրպագուների ներկայությունը շատ կօգնի մեր թիմին. «Ֆուտբոլիստները հիմա զգում են, որ երկրպագուները հավատում են իրենց, սա ապացուցում է այն փաստը, որ Խորվաթիայի դեմ խաղի տոմսերն ակնթարթային սպառվեցին, այսինքն՝ ժողովուրդը հավատում է և գալու է մարզադաշտ թիմի կողքին կանգնելու համար: Ես նման դեպք չեմ հիշում, որ մի քանի ամիս առաջ տոմսերի վաճառք սկսվեր ու տոմսերը մի քանի ժամվա ընթացքում սպառվեին, անգամ Իսպանիայի, Պորտուգալիայի դեմ ենք խաղացել և այսպիսի բան չի եղել: Հավաքականն իր խաղով ստիպում է, որ երկրպագուները հավատան ու գան մարզադաշտ»:

  • Կիսվել: