չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երկրորդ տուրում հաղթեց միայն Էմին Օհանյանը. Sharjah Masters 2023

Երկրորդ տուրում հաղթեց միայն Էմին Օհանյանը. Sharjah Masters 2023

ԱՄԷ-ում ընթացող շախմատի Sharjah Masters 2023 միջազգային խոշոր մրցաշարում կայացան 2-րդ տուրի պարտիաները:

Ուժեղագույնների խմբում հանդես եկող մեր 4 շախմատիստներն ոչ-ոքի խաղացին մրցակիցների հետ և կիսեցին միավորները: Երկու տուրից հետո Շանթ Սարգսյանը վաստակել է 1,5 միավոր և այժմ բաժանում է 3-27-րդ տեղերը: Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը 1-ական միավորով տեղեր են զբաղեցնում 28-53-րդ հորիզոնականներում:

Երրորդ տուրում Շանթ Սարգսյանը կհանդիպի ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ: Հայկ Մարտիրոսյանը կխաղա սերբ Վելիմիր Իվիչի, Մանուել Պետրոսյանը՝ ասվտրալիացի Թեմուր Կույբոկարովի, Սամվել Տեր-Սահակյանը՝ իսպանացի Իպոլիտո Ասիսի հետ:

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը նույնպես ունի 1,5 միավոր: Նա առաջիկա տուրում կմրցի չեռնոգորցի Դենիս Կադրիչի հետ:

Մրցաշարի «Չելենջ» խմբում հանդես եկող մեր շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը 2-րդ տուրում պարտվեց ուզբեկ միջազգային վարպետ Օրթիկ Նիգմատովին: Նա մեկ միավորով զբաղեցնում է 30-րդ տեղը: Երրորդ տուրում Մարիամ Մկրտչյանը կմրցի իրանցի Սարա Դավարի հետ:

Մեր երկրորդ մասնակիցը՝ միջազգային վարպետ Էմին Օհանյանը, երկրորդ պարտիայում հաղթեց կանանց գրոսմայստեր Անաստասյա Պարամզինային: Նա վաստակել է 1,5 միավոր և այժմ գտնվում է 6-րդ հորիզոնականում: Էմին Օհանյանի հաջորդ մրցակիցը լեհուհի գրոսմայստեր Յոլանտա Զավադսկան է:

Նշենք, որ Sharjah Masters 2023-ի մրցանակային հիմնադրամը 60 հազար դոլար է: Գլխավոր մրցաշարի հաղթողը կստանա 10 հազար դոլար: Կպարգևատրվեն խմբերում 1-10-րդ տեղերը գրաված շախմատիստները:

  • Կիսվել: