ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եղեռնի զոհերի թվում եղել են նաև հայ մարզիկներ

Եղեռնի զոհերի թվում եղել են նաև հայ մարզիկներ

Այսօր` ապրիլի 24-ին լրանում է Հայոց եղեռնի 105-րդ տարին: Զոհերի թվում եղել են նաև  բազմաթիվ մարզիկներ, գրում է ՀԱՕԿ-ը՝ նշելով  Շավարշ Քրիսյանի անունը:

Նա  հանդիսանում է համահայկական խաղերի նախագծի «Հոմենըթմեն» մարզակումբի և ֆուտբոլի լիգայի ստեղծման հեղինակներից մեկը :

Քրիսյանը, հիրավի, հայկական սպորտի ականավոր գործիչ է, մարզիչ, մարզիկ, հայկական ֆուտբոլի «Բալտալիման» առաջին ակումբի հիմնադիրը: Քրիսյանը եղել է մեծ մանկավարժ, գրող, հրապարակախոս, լրագրող, օսմանյան կայսրությունում մարզական առաջին` «Մարմնամարզ» հանդեսի հիմնադիրը։

Հենց մեծ հայորդու ջանքերով,  պատմության մեջ առաջին անգամ, Թուրքիան պատվիրակություն գործուղեց օլիմպիական խաղեր: Դա 1912 թ. Ստոկհոլմում տեղի ունեցած 5-րդ  համաշխարհային մարզահանդեսն էր: Օսմանյան պետությունը գումար չհատկացրեց և գործուղման հետ կապված ամբողջ ծախսը իր վրա վերցրեց հայկական համայնքը։

Շ. Քրիսյանը այն ժամանակ ասել է, որ դեռևս Թուրքիայի ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել մարզական որևէ միջոցառման: Թող մերոնք Շվեդիայում վերջինը լինեն: Կարևորն այն է, որ  մեծ ազգերի հետ ասպարեզ մտնեն հայերը, ովքեր շուրջ 30 տարի Եվրոպայում հայտնի են որպես հալածված ազգ: Ժամանակն է, որ արդեն հակառակն ասեն, և որ քաղաքակիրթ աշխարհն իմանա, ճանաչի մեզ և մեր նվաճումները:

Ստոկհոլմի խաղերին մասնակցած 28 երկրների 2541 մարզիկների թվում եղել են Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներ` Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը: Հետաքրքիր մի փաստ է արձանագրվել: 1909 թ. Կիլիկիայում թուրքերի կազմակերպած հայերի ջարդի պատճառով շվեդները մասնակից երկրների դրոշների շարքում դիտավորյալ չեն կախել օսմաններինը: Այս մասին չեն իմացել հայ մարզիկները, որոնք բողոքել են ու կազմակերպիչները  տեղադրել են Թուրքիայի դրոշը: Մեր հայրենակիցներն այնուհետև զղջացել են իրենց արածի համար:

1500 մ վազքում, 50 մարզիկների պայքարում Մկրյանը ճանաչվել է  5-րդը: Իսկ Փափազյանի մասին ճիշտ կլինի ներկայացնել հենց նրա թոռան պատմածը: Պապիկը  բազմիցս պատմել է,  որ  վերջնագծի մատույցներում ինքը  (պոլսահայ Փափազյանը) գրեթե 20 մետր առաջ է պոկված եղել  մրցակիցներից ու կարող էր հեշտությամբ առաջինը հատել եզրագիծը և նվաճել չեմպիոնի կոչումը: Բայց գնահատելով այն հանգամանքը, որ իր հաղթանակի առթիվ պետք է ծածանվի Թուրքիայի դրոշը, ուստի Փափազյանը միանգամից դանդաղեցրել է վազքը ու գիտակցաբար   հայտնվել ետնապահների թվում:

Ինչ  վերաբերում է օսմանյան  կայսրությունում սպորտի մեծ ջատագով  Շավարշ Քրիսյանին, ասենք, որ 1915-ի օգոստոսի 15-ին թուրքերը նրան հանել են բերդից, տարել Անկարայից դուրս  ու գնդակահարել: Այսպես են  երախտամոռ օսմանները վարձահատույց եղել 29-ամյա  հայ  ականավոր գործչին։

  • Կիսվել: