հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բռնցքամարտի կանանց ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Բռնցքամարտի կանանց ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթները Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող աշխարհի առաջնությունում: Հայ մարզուհիներն անմասն են մնացել մեդալներից:
 
Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած 6 բռնցքամարտիկներից առաջինը պայքարը սկսել է 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան. 1/16 եզրափակչում նա 0:4 հաշվով զիջել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում 0:5 հաշվով պարտվել է Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսին:
 
 
Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը 1/8 եզրափակչում 0:5 հաշվով զիջել է Չինաստանի ներկայացուցիչ Պան Զուին, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) 1/8 եզրափակչում նույն՝ 0:5 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին:
 
 
Մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տարել միայն աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Էլիդա Քոչարյանը (60 կգ):
 
Գրիգորյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ առավելության է հասել հարավկորեացի Չորոնգ Բակի նկատմամբ, սակայն արդեն քառորդ եզրափակչում 3:4 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լիխադիրին և լքել պայքարը:
 
 
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը (60 կգ) 1/8 եզրափակչում 0:5 հաշվով պարտվել է չինացի Յան Վենլուին: Էլիդան պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի նկատմամբ:
 
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար: Հաղթողը ստանալու է 100 հազար դոլար, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 և 25 հազարական դոլար:
 
 
Առաջնությանն այս տարի ռեկորդային՝ 333 մարզուհիներ են մասնակցում: Աշխարհի առաջնությունը անցկացվում է մարտի 16-26-ը:

  • Կիսվել: