կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնություն. 9 բրոնզե մեդալ և եզրափակչի 3 մասնակից

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնություն. 9 բրոնզե մեդալ և եզրափակչի 3 մասնակից

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր անցկացվել են կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը, որոնց արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականի 9 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների: Եվս երեք բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ, որտեղ մայիսի 3-ին կպայքարի ոսկե մեդալների համար:

Տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:

Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝ Գոռ Ազիզյանը (57 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ) վստահ հաղթանակներ են տարել կիսաեզրափակչում և դուրս գալով եզրափակիչ՝ կպայքարեն հաղթողի տիտղոսի համար:

Հիշեցնենք՝ աղջիկների պայքարում էլ երեկ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը՝ կիսաեզրափակչում զիջելով Ռումինիայի ներկայացուցչին:

Հայ բռնցքամարտիկների ելույթներին տրիբունայից հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, անվանի բռնցքամարտիկներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, բազմաթիվ երկրպագուներ:

Երիտասարդների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 3-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում: Մուտքն ազատ է:

  • Կիսվել: