չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի. Հակոբ Սերոբյան

Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի:

«Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը մենք ուժեղ մրցակցություն տեսանք: Աշխարհի գավաթի խաղարկություններին մասնակցում էին բոլոր ուժեղագույնները: Մեծ մրցակցություն կար օղակների, նժույգ-թափերի և հենացատկի վարժություններում: Արթուրը իր մեդալներով արդարացրեց իրեն: Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի: Նա 90 տոկոսով լուծել է այս տարի ևս աշխարհի բացարձակ գավաթակիր դառնալու խնդիրը: Տեսնեն՝ ինչ կլինի Կահիրեի խաղարկությունում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Սերոբյանի խոսքով` իր համար անակնկալ էր Գերմանիայում կայացած գավաթի փուլում Գագիկ Խաչիկյանի և Արթուր Ավետիսյանի արդյունքները, բայց երիտասարդները լավ աշխատանք կատարեցին «Իսկ ինչ կապված է Հարություն Մերդինյանի հետ, ապա նա արեց ավելին, քան կարող էր անել նրա տարիքի մարզիկը: Հարությունը նաև ձեռքի հետ կապված խնդիր ունի»,-ասաց նա:

Գլխավոր մարզիչը շեշտեց, որ ֆեդերացիայի հովանավորի շնորհիվ Եվրոպայի առաջիկա  առաջնությունում թիմը մերսման մասնագետ է ունենալու:

Հավաքականը հաջորդիվ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանն ու աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին:

Հայաստանի մարմնամարզության թիմը Գերմանիայում և Կատարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունների երկու փուլերում ընդհանուր առմամբ 4 մեդալ նվաճեց: Արթուր Դավթյանը երկու ոսկե մեդալ նվաճեց հենացատկում, Գագիկ Խաչիկյանը դարձավ Կոտբուսի գավաթի նժույգ-թափերի վարժության արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ օղակների բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: