ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը՝ Իտալիայից․ թուրքի նկատմամբ Էրիկ Առստամյանի հաղթանակը հայ ազգի համար էր

Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը՝ Իտալիայից․ թուրքի նկատմամբ Էրիկ Առստամյանի հաղթանակը հայ ազգի համար էր

Էրիկ Առստամյանի ոսկե մեդալը սպասված էր: Երբ նախորդ տարի դարձավ բրոնզե մեդալակիր, վերադարձանք Արցախ, ասացի, որ հաջորդ տարի նա չեմպիոն է դառնալու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Իտալիայից ասաց Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Նարեկ Աբրահամյանը, որը ավագ տարիքի պատանիների Եվրոպայի նորընծա չեմպիոն Էրիկ Առստամյանի անձնական մարզիչն է:

15-ամյա արցախցի բռնցքամարտիկը Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 52 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտության մատնեց անգլիացի Լեյթոն Բիրչոլին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

«Շատ ուրախ եմ Էրիկի հաղթանակի կապակցությամբ: Նա շատ նպատակասլաց տղա է եւ սպորտին նվիրված պատանի: Ուժեղ առաջնություն անցկացվեց: 33 պետություն էր մասնակցում: Մեծ մրցակցություն կար: Էրիկը 4 մենամարտ անցկացրեց եւ բոլորում արժանի հաղթանակ տարավ:

Երբ նախորդ տարի դարձավ բրոնզե մեդալակիր, մենք վերադարձանք Արցախ, այնտեղ ասացի, որ հաջորդ տարի չեմպիոն է դառնալու: Հավատում էի:

Ամենաբարդ մենամարտը եզրափակիչը ստացվեց: Անգլիացի բռնցքամարտիկը տեխնիկապես պատրաստ, ֆիզիկապես ուժեղ տղա էր:

Նաեւ կառանձնացնեմ մեկնարկային մենամարտը, որտեղ հաղթեց թուրք բռնցքամարտիկի: Թուրքի նկատմամբ հաղթանակն էլ հայ ազգի համար էր: Էրիկը շատ գեղեցիկ մենամարտ անցկացրեց, մինչեւ վերջին կաթիլը պայքարեց:

Առաջին օրվանից ես եմ աշխատում Էրիկի հետ: Ստեփանակերտի մարզադահլիճում ենք մարզվում: Երբ եկավ բռնցքամարտի դահլիճ, 7 տարեկան էր: Ժամանակի ընթացքում նկատեցի բռնցքամարտիկին հատուկ բնավորության գծեր՝ կռվող տղա է, նվիրված է սպորտին, մարզիչին: Այդպես անցավ 9 տարի եւ արդյունքն այս ոսկե մեդալն է: Նա իմ առաջին սանն է, որը դարձավ չեմպիոն: Մինչեւ այս ունեցել ենք մեդալակիրներ, բայց ոսկե մեդալն առաջինն էր:

Այս հաղթանակը մեզ բարդ է տրվել: Երբ Էրիկը նոր էր սկսել մարզվել, չէինք հավատում, որ կարող ենք օրինակ՝ Հայաստանի չեմպիոն դառնալ: Տարիներ անց արդեն Եվրոպայի չեմպիոն ենք: Պարգեւատրման ժամանակ շատ ուրախ էի: Այդ պահին մտածում էի, որ այժմ պետք է սկսենք աշխատել աշխարհի չեմպիոն դառնալու համար, պետք է շարժվենք առաջ»,- ասաց Նարեկ Աբրահամյանը:

Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե: Հայաստանի երկրորդ ոսկե մեդալակիրը 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանն է: Պատանեկան հավաքականը Իտալիայից Հայաստան կժամանի այս գիշեր՝ 03:20-ին:

 

  • Կիսվել: