չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱԱ․ Սլավիկ Գալստյանը 8:0 հաշվով հաղթեց մրցակցին

ԱԱ․ Սլավիկ Գալստյանը 8:0 հաշվով հաղթեց մրցակցին

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը վստահ հաղթանակով դուրս եկավ եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ:

67 կգ քաշային կարգի որակավորման փուլում Գալստյանը ժամանակից շուտ առաջին մրցափուլում 8:0 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող  Իգնացիո Սանֆիլիպոյին:

Երրորդ մրցումային օրը հաղթանակով է մեկնարկել նաեւ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ): Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Թադեւոսյանը  որակավորման փուլում 5:1 հաշվով առավելության է հասել կուբացի Դանիել Գրիգորիչ Հեչավարիայի նկատմամբ:

Այսօր պայքարի մեջ կմտնի նաեւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ): Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից։ Նրա մրցակիցը հայտնի կդառնա որակավորման փուլի Աբու Մուսլիմ Ապտիեւիչ Ամաեւ(Բուլղարիա) - Ակմուրատ Գելդիեւ (Թուրքմենստան) զույգի գոտեմարտից հետո։

Երեկոյան մրցահերթում աշխարհի առաջնության 5-րդ չեմպիոնության համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը (97կգ):

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում ոսկե մեդալը կվիճարկի Պանամերկյան խաղերի եւ Պանամերիկյան առաջնության չեմպիոն, Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Քինդելանի հետ: Նշենք, որ գյումրեցի ըմբիշը Բելգրադի մրցագորգում 4 հաղթանակ տանելուց հետո (10:4, 9:0, 9:0, 9:0) դուրս է եկել եզրափակիչ:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի եւ Փարիզ-2024-ի ուղեգրի համար կպայքարի Գեւորգ Ղարիբյանը (60 կգ): 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը Բելգրադի մրցագորգում երեք հաղթանակ տանելուց հետո (9:0, 3:1, 1:1), կիսաեզրափակիչում պարտվել է օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Ասիայի կրկնակի չեմպիոն Ճապոնիան ներկայացնող Կյենիչիրո Ֆումիտայի հետ եւ պարտվեց 1:5 հաշվով:

Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (77կգ): Աշխարհի չեմպիոն, արդեն կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:7 հաշվով հաղթել է աշխարհի եւ Ասիայի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խացերի ուղեգրեր են արդեն նվաճել Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը:  Հունահռոմեակ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

  • Կիսվել: