երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԱ. Շանթ Խաչատրյանի հաղթական մեկնարկը

ԱԱ. Շանթ Խաչատրյանի հաղթական մեկնարկը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ մրցումային օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը մեկնարկեց հաղթանակով:

Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 72կգ քաշային կարգի որակավորման փուլում ուժերը չափեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի  Նարեկ Օհանյանի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով:

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաեւ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

 

2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում կմրցի կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ։

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) պայքարի մեջ կմտնի 1/16 եզրափակիչից, որտեղ կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգի հետ։

Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի եւ գործրղ չեմպիոն Մալխաս Ամոյանը (77կգ): Մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո։ Մալխաս Ամոյանը կպայքարի նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Հունահռոմեականների օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

  • Կիսվել: