երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԱ․ Պայքարն են սկսում Արթուր Ալեքսանյանը, Գեւորգ Ղարիբյանը եւ Շանթ Խաչատրյանը

ԱԱ․ Պայքարն են սկսում Արթուր Ալեքսանյանը, Գեւորգ Ղարիբյանը եւ Շանթ Խաչատրյանը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 22-ին տեղի կունենան 72կգ, 60 կգ, 97 կգ քաշային կարգերի գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում կմրցի կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ։

Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Շանթ Խաչատրյանը (72կգ) որակավորման փուլում ուժերը կչափի չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի  Նարեկ Օհանյանի հետ:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) պայքարի մեջ կմտնի 1/16 եզրափակիչից, որտեղ կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգի հետ։

Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի եւ գործրղ չեմպիոն Մալխաս Ամոյանը (77կգ): Մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո։ Մալխաս Ամոյանը կպայքարի նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Հունահռոմեականների օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

  • Կիսվել: