կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց աշխարհի չեմպիոնին

ԱԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց աշխարհի չեմպիոնին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) համառ պայքարում երկու միավորով պարտվեց քառորդ եզրափակիչում։

Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոնը մրցեց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Ասիայի չեմպիոն ճապոնացի Ռեյ Հիգուտիի հետ եւ պարտվեց 14:16 հաշվով։

Հայաստանի հավաքանի առաջատարը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ  14:3 հաշվով էլ հաղթել էր Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովին։

1/16 եզրափակիչում ժամանակից շուտ 14:2 հաշվով տպավորիչ հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Սիմոնե Պիրոդուին։

1/8 եզրափակիչում 11:0 հաշվով ժամանակից շուտ պարտության մատնեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին։

Եթե ճապոնացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի եւ օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորություն կստանա։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 57 կգ, 65 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ եւ 125 կգ:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 19-ին:

  • Կիսվել: