շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ հանդիպել են Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի հետ:

Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողների հետ զրույցում հարազատներից մեկն ասաց, որ հանդիպելու են փոխոստիկանապետի հետ հասկանալու համար՝ կարո՞ղ է ոստիկանությունը միջամտել, որպեսզի վարչապետի հետ հանդիպումը կայանա:

Նա նաև հայտնեց, որ իրենք հանդիպում են պահանջում 1 շաբաթից 10 օրվա ընթացքում՝ հարգելով վարչապետի աշխատանքն ու հասկանալով, որ նա աշխատանքային խիտ գրաֆիկ ունի:

Ավելի վաղ վարչապետի հետ հանդիպում պահանջող զոհված և  անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Տիգրան Մեծ պողոտան: Ոստիկանությունը փողոցը բացելու գործողություն էր իրականացրել, սակայն փողոցը բացվել է միայն այն բանից հետո, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ հանդիպման վերաբերյալ:

  • Կիսվել: