երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն ու չարաշահումն էթնիկ զտումների, ցեղասպանության իրականացման գործում. ՀՀ ԱԳ նախարարի հոդվածը «The Telegraph»-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն ու չարաշահումն էթնիկ զտումների, ցեղասպանության իրականացման գործում. ՀՀ ԱԳ նախարարի հոդվածը «The Telegraph»-ում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոդված է հրապարակել «The Telegraph» բրիտանական պարբերականում: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երբ անցյալ տարի ռոհինջա մահմեդականները դատի տվեցին Facebook-ին, ցեղասպանության մասին ատելության խոսքն ու սոցցանցերի ալգորիթմները խթանող սադրիչ գրառումները հայտնվեցին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նույնիսկ այն դեպքում, երբ ապատեղեկատվությունը շարունակում է մնալ կարևորագույն խնդիր հասարակությունների շրջանում, նոր տեխնոլոգիաները և հարթակները շահագործվում են ահաբեկչական և զինված խմբերի կողմից՝ քարոզչություն հեռարձակելու և համախոհներ հավաքագրելու համար:

Նոր տեխնոլոգիաների դերն անկայուն աշխարհում, և դրանց ազդեցությունը հնարավոր ցեղասպանությունների և էթնիկ զտումների վրա քննարկվում են Երևանում ընթացող Գլոբալ ֆորումում, որը հյուրընկալվում է Հայաստանի Հանրապետության կողմից: 2015 թվականից ի վեր 4-րդ համաժողովը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի աջակցությամբ, անդրադառնում է ցեղասպանությունը կանխելու համար նոր տեխնոլոգիաների կիրառման աճող մարտահրավերներին և հնարավորություններին:

Չնայած անվտանգության ահռելի մարտահրավերներին և հարևան Ադրբեջանի կողմից ագրեսիվ տարածքային ոտնձգություններին, չնայած որ այն այժմ օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառակուսի կիլոմետրը՝ Հայաստանը հանձնառու է համախմբել կառավարություններին, տեխնոլոգիական ընկերություններին, ակադեմիական շրջանակներին և քաղաքացիական հասարակությանը՝ նվազեցնելու ռիսկերը և վնասները, որոնք կարող են պատճառվել խոցելի խմբերին և հասարակություններին տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ Հայաստանը կրում է հսկայական բարոյական պատասխանատվություն նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին։

Ուստի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2008 թվականից Հայաստանը նախաձեռնել է «Ցեղասպանության կանխարգելման» հինգ բանաձև, որոնք ընդունվել են կոնսենսուսով։ Սա ևս մեկ վկայություն է այս վեհ քարոզարշավում Հայաստանի հետևողականության մասին:

Այդ բանաձևերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթությանը և իրազեկման բարձրացմանը՝ որպես կանխարգելման հիմնասյուներ։ 2022 թվականի բանաձևը կարևորում է նոր տեխնոլոգիաների, մասնավորապես սոցիալական մեդիայի հարթակների չարաշահումը, ինչպես նաև էթնիկ զտումներին քաղաքականությանը զուգընթաց՝ դրանց միջոցով տարածվող ապատեղեկատվության վտանգը։

Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակներից մինչև վերջերս Իրաքի եզդիների նկատմամբ կիրառված հանցագործությունները ցույց են տալիս, որ փոխվում են այդ մեթոդները, հետևաբար՝ դրանց դեմ պայքարի արդյունավետ ուղիները։ Այնուամենայնիվ, ժամանակակից տեխնոլոգիաները «արդյունավետորեն» օգտագործվեցին ցեղասպան հանցագործությունների և ապամարդկայնացման խթանման համար։ Օրինակ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ երիտթուրքերը հեռագրեր էին օգտագործում զանգվածային սպանությունների կոդավորված պատվերներն արագ փոխանցելու համար: Հոլոքոստի ժամանակ IBM մեքենաներն օգտագործվում էին հրեաների գտնվելու վայրի արագ նույնականացման համար: Ռուանդայում ռադիոն ատելություն հրահրելու և զոհերին ապամարդկայնացնելու հիմնական կապի միջոցն էր:

Մեր օրերում Twitter-ը, Telegram-ը և այլ սոցիալական ցանցերն օգտագործվում են ատելություն տարածելու և նույնիսկ կատարված հանցագործությունների նողկալի տեսարանները տարածելու համար, ինչպես որ դա եղավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան ներխուժելուց հետո ռազմական հանցագործություն կատարած ադրբեջանցի զինվորների դեպքում։

Այսօր նոր տեխնոլոգիաների և համացանցի արագ զարգացման պայմաններում, որտեղ ատելության խոսքը գնալով ավելի տարածված է, կառավարություններն ու հասարակությունները կանգնած են ամենամեծ մարտահրավերների առաջ: Ատելության խոսքը կարող է վերածվել ատելության հանցագործության: Իսկ երբ ատելության խոսքն ու այլ խմբերի դեմոնիզացումը դառնան պետական քաղաքականություն, դա կհանգեցնի մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության։

Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ նոր տեխնոլոգիաները կարող են միաժամանակ դառնալ ցեղասպանության դեմ պայքարում օգտագործվող ամենահզոր գործիքներից մեկը, քանի որ կրթությունը և իրազեկումը ցեղասպանության կանխարգելման պայքարի կարևոր հիմնասյուներ են։

Սրանք միայն այն թեմաներից մի քանիսն են, որոնք ավելի մանրամասն կքննարկվեն Երևանում մեկնարկած 4-րդ Գլոբալ ֆորումի ընթացքում, որը խոստանում է մեծ հետաքրքրություն առաջացնել՝ ուսումնասիրելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ցեղասպանությունների կանխարգելման ուղիները»:

  • Կիսվել: