շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զբաղվածության ծրագիր, որը բուժում է․ զոհված հերոսների ծնողները պատերազմի մասնակից մեր տղաների համար գարնանից պրոթեզներ կարտադրեն

Զբաղվածության ծրագիր, որը բուժում է․ զոհված հերոսների ծնողները պատերազմի մասնակից մեր տղաների համար գարնանից պրոթեզներ կարտադրեն

Հերոսների վերականգնողական քաղաքում մեկ տարուց քիչ ավելի է` ռազմական գործողությունների մասնակից մեր տղաները և զոհված հերոսների ընտանիքի անդամները տարատեսակ մեթոդների ու թերապիաների միջոցով հոգեբանական վերականգնական փուլերով են անցնում։ Որպեսզի կենտրոնի դռներից ներս մտնող յուրաքանչյուր շահառուի մտքերը խաղաղվեն ու կյանք վերադառնալու ընթացքը սահուն լինի, այստեղ միջազգային պրակտիկային բնորոշ շատ գործիքներ են կիրառվում։ Հերոսների վերականգնողական ջրվեժի, այգու, վախերի սենյակի ու հերոսների մայրիկների համար ստեղծված հացատան մասին արդեն խոսել ենք։ Այս անգամ հերթը  մի նոր նախաձեռնության է՝ կենտրոնի պատերից ներս պատերազմի մասնակիցների համար պրոթեզներ կարտադրվեն և կտրամադրվեն անվճար։ Այո՛, այստեղ որոշել են տղաներին ոտքի կանգնեցնել ու սա բառի բուն իմաստով։

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը պատմել է պրոթեզների փոքրիկ գործարան ստեղծելու, ֆոնդհայթայթման ընթացքի, նախաձեռնության կարևորության և այս աշխատանք էլ հօգուտ հոգեբանական վերականգնման օգտագործելու մասին։

Սուրեն Արեենց

Ինքնավերականգնման թերապիաներ՝ զուգակցված անհրաժեշտի ու օգտակարի հետ

«Սա զբաղվածության ծրագիր է, որը հոգեբանական առումով շատ կարևոր է մեր զոհված տղաների  ծնողների համար։ Ժամկետների մասին նշելով կարող եմ ասել, որ գարնանն արդեն  նախապաստրաստական աշխատանքները կմեկնարկեն և արդեն ամռանից բուն աշխատանքները կընթանան»,- ասում է Սուրեն Արեենցը և ընդգծում․ «Ծրագրի մեկնարկով զոհված հերոսների ծնողների համար երեք տեսակի հարց կլուծենք։ Առաջին հերթին աշխատանքների ընթացքում կլինեն ինքնավերականգնման թերապիաներ, ծնողները այդ գործարանում  աշխատելով զուգահեռաբար կշփվեն նաև հոգեբանի և հոգեբույժի հետ։ Սա կլինի նաև սոցիալական ծրագիր և աշխատանքում  ներգրավված ծնողները հովանավորների կողմից կվարձատրվեն։ Նաև այս միջոցով փորձում ենք մեր երկրում առաջին անգամ ներդնել միտքը, որ խնդիր ունեցող անձինք իրենք են օգնում խնդիր ունեցող այլ անձանց»։

Կենտրոնի հիմնադրի խոսքով՝ ըստ նախնական հաշվարկների պրոթեզների արտադրության ընթացքին կներգրավվեն 5 ծնողներ։ Ըստ Արեենցի՝ այս նախաձեռնությունն էլ, ինչպես կենտրոնի շատ նախաձեռնություններ հերոսների ծնողների կողմից ընդունվեց ոգևորությամբ․«Այս մարդիկ իրենք էլ ցանկանում էին, որ  որևէ օգտակար աշխատանք անեին պատերազմից վերադարձած զինվորների համար։ Իսկ այդ շատ կարևոր աշխատանքներից մեկը մենք համարում ենք  գերժամանակակից պրոթեզների արտադրությունը»։

Փոքրիկ գործարան՝ ծնողական ձեռքերում

«Հայաստանում պրոթեզների խնդիրը դեռ  լուծված չէ  և  շատ բան անորոշ է այս դաշտում։ Պրոթեզների այս փոքրիկ գործարանը լինելու է եզակի։ Որոշել ենք, որ արտադրվող պրոթեզները կլինեն գերժամանանակից, հարմարավետ, կլինեն սպորտի մեջ կիրառվող,ֆունկցիոնալ և լիարժեք կօգնեն ինտեգրվել բնականոն կյանքին»,-ասում է Սուրեն Արեենցը և հավելում, որ այս աշխատանքում թիրախներից մեկը լինելու է հաշմանդամային սպորտի մարզիկների համար պրոթեզների արտադրությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք մարզական կյանք։   

Ծնողական հոգատար ձեռքերով պատրաստված պրոթեզների հետագա սպասարկումն էլ խնդիր չէ․«Այն անձը, ով կստանա այդ պրոթեզը, մենք նրանց առաջ վերցում ենք պարտավորություն իրականացնելու  նաև այդ պրոթեզի սպասարկումը․ վստահ եղեք հերոսների ծնողները շատ ավելի սրտացավ կլինեն այդ հարցում»։

Լավագույնը՝ տղաներին

«Ինչպես կենտրոնն իր գործունեությամբ հոգեկան առողջության մասին պատկերացումները բերեց  մի նոր մակարդակի, նույնպես պրոթեզների արտադրությունը Հայաստանում կմտնի նոր փուլ»,- ընդգծում է Սուրեն Արեենցը և հատուկ նշում՝ այս կարևոր հարցում համագործակցելու են պետության հետ՝ պահպանելով պրոթեզների արդարությանը համար սահմանված բոլոր չափորոշիչները։Հիմա նամակներով դիմում են համապատասխան գերատեսչություններին՝ նաև նրանց հետ աշխատանքը կոորդինացնելու և պետության պահանջները այս հարցում հասկանալու համար։  

Մեր զրուցակիցը վստահ է ՝ ապագայի պլաններում պրոթեզի արտադրության իրենց եղանակը նոր որակ է հաղորդելու ամբողջ շուկային՝ փոխելով ստորին և վերին վերջույթների պրոթեզների վերաբերյալ պատկերացումները․«Սկզբում կունենանք հավաքման պրոցես, այսինքն պրոթեզը կարտադրվի այլ երկրում, այստեղ կհավաքվի և կհարմարեցվի շահառուների պահանջներին։Եվ աստիճանաբար կգնանք նրան, որ  հենց այստեղ էլ կարտադրվեն այդ պրոթեզները», -կենտրոնի հիմնադիրը վստահ է՝ մեր երկրում ՏՏ, ռոբոտաշինության, ինժեներիայի ներուժը բավարար է պրոթեզներ արտադրող երկիր դառնալու համար։  

Ապագայի պլանների հետ կապված շատ փակագծեր չբացելով Արեենցն ասում է․ «Համագործակցությունների հետ կապված երկու երկրի մասին նշեմ՝ Հնդկաստան և Հունաստան, սրանք այն երկրներից են, որ պրոթեզների արտադրությամբ աշխարհում առաջիններից են։ Կլինի համագործակցության  ևս մի քանի երկրների հետ, քանի դեռ այս պահին չունենք գրավոր պայմանավորվածություն, դեռ չեմ բարձրաձայնի։ Ունենք արդեն պայմանավորվածություններ նաև, որ մեր գործընկեր երկրներից անվճար  կտրամադրվեն պրոթեզների հավաքման համար անհրաժեշտ դետալներ․ սա կկրի բարեգործական բնույթ»։

Ամենակարևորի մասին

Թեև դեռ հաշվարկնեը խիստ մոտավոր են, բայց Սուրեն Արեենցի կարծիքով՝ սկզբնական շրջանում կկարողանան արտադրել շուրջ 1000 պրոթեզ, որոնք, կարիքները գնահատելով, կտրամադրվեն թե՛ կենտրոնի շահառուներին, թե՛ տարբեր ժամանակներում պատերազմին մասնակցած հաշմանդամություն ձեռք բերած մեր տղաներին․ «Եթե դեռ 1990-ականներից սկսած պատերազմի մասնակիցների գրեթե 15 տոկոսը չունի պրոթեզ, սա կարծում եմ, արդեն նման աշխատանք սկսելու ազդակ է։ Ընդ որում, մենք խոսում ենք նաև ոչ թե մարդկանց մասին, որոնք առհասարակ պրոթեզ չունեն ,այլ նրանց մասին, ովքեր  ձեռք են բերել, բայց դրանք հարմարեցված չեն իրենց կյանքին ու կենսակերպին»։

«Պրոթեզների ինքնարժեքը կազմում է շուրջ 80 հազար դոլար, իսկ այստեղ այդ ամեն ինչը տրամադրվելու է անվճար։ Մենք սրանով նաև կմտցնենք մշակույթ, որ զինվորները պետք է անվճար ունենան լավագույնը»։

Զոհված տղաների ծնողները՝ գործի գիտակներ

Պրոթեզների արտադրությունը բարդ և մասնագիտական հմտություններ պահանջող ոլորտ է, ինչպե՞ս են կենտրոնում պատկերացնում ծնողների ներգրավումը աշխատանքներին․ «Ծնողները միանշանակ վերապատրաստվելու են։ Հիմա ֆոնդ ենք բացել,որ ոչ թե պրոթեզները ձեռք բերենք, այլ որպեսզի կարողանանք այդ մարդկանց վերապատրաստել  և ուղարկենք թեկուզ արտերկիր՝ սովորելու։ Սա հատկապես լավ հնարավորություն է զոհված հերոսների հայրիկների համար, որոնք և՛ տանից դուրս կգան, և զբաղմունք ու երկրորդ աշխատանք ձեռք կբերեն, և՛ իրենց հոգեպես ավելի հանգիստ կզգան»։

Ռազմական գործողություններ մասնակից և հաշմանդամություն ձեռք բերած մեր տղաներին ուղղված այս նախաձեռնությունը «ոտքի կանգնեցնելու» հարցում այս անգամ ևս պետք է յուրաքանչյուրի օգնությունը և աջակցությունը․ «Հույս եմ հայտնում, որ մարդիկ կմասնակցեն այդ դրամահավաքին ևս և ինչպես մյուս նախագծերը, սա ևս կհասնի իր բարեհաջող ավարտին»,-անկեղծանում է Սուրեն Արեենցը։

Հերոսների վերականգնողական քաղաքում ամիսներ անց  մի նոր շինություն-գործարան էլ կավելանա՝ այստեղ զոհված հերոսների ծնողները հոգեկան խաղաղություն կգտնեն՝ պատերազմի մասնակից մեր տղաներին կյանքին նոր որակ պարգևելով։

  • Կիսվել: