երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զարեհ Սինանյանի օգնության կարիքը չունենք, Ուկրաինայի հայերի միությունն աջակցում է Ուկրաինային. Շատվորյան

Զարեհ Սինանյանի օգնության կարիքը չունենք, Ուկրաինայի հայերի միությունն աջակցում է Ուկրաինային. Շատվորյան

Ուկրաինայի հայերի միությունն (ՈւՀՄ) աջակցում է իր հայրենիքին՝ Ուկրաինային, և կպաշտպանի այն մինչև վերջ։ Այդ մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, տեղեկացնում է ua-report.info-ն։

Շատվորյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Սադրանքներից և մեր հայտարարությունների անհասկանալի վերափոխումներից խուսափելու համար հայտարարում եմ, որ ՈՒՀՄ-ն աջակցում է Ուկրաինային, և ՈՒՀՄ-ի հետ առնչվող բոլոր հայերն Ուկրաինան համարում են իրենց հայրենիքը։ Մեր տները, ընտանիքներն, ասյտեղ են, և, ինչ էլ լինի, մենք մինչև վերջ կանգնելու ենք ուկրաինացի ժողովրդի հետ և պաշտպանելու ենք մեր տները՛՛։

Նա նաև հավելել է, որ հայկական մարզային համայնքների նախագահներն իրենց քաղաքներում են, թեև որոշ տեղերում շրջապատված են և փորձում են օգնել բոլորին:

Շատվորյանը հիասթափություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության հայերի համայնքի դիրքորոշման վերաբերյալ: ՛՛Մենք ակնկալում էինք, որ Ռուսաստանի հայերի միությունը կորդեգրի խաղաղության դիրքորոշումը, կօգնի մարդասիրական միջանցքներով, կզբաղվի այն մարդկանց ազատ արձակմամբ, ովքեր մնացել են մյուս կողմում կամ տեղափոխվել են Ռուսաստան, բայց, ցավոք, մենք տեսնում ենք ամեն ինչի բացարձակ ոչ սթափ տեսլականը՛՛,-ասել է նա:

Ըստ Շատվորյանի՝ ՈւՀՄ դիրքորոշումը սկզբունքորեն տարբերվում է ՌՀՄ դիրքորոշումից։

Շատվորյանը նաև քննադատել է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքի բացակայության պատճառով։ Նա նշել է. ՛՛Մենք Ձեր օգնության կարիքը չունենք: Բայց Դուք կարող էիք մարդ լինել և ուղղակի դիմել: Բայց Դուք դա չեք անում, և մեզ շատ եք վրդովեցնում՛՛:

 

  • Կիսվել: