Յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը. Փաշինյան
Յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը, «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի շրջանակում Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ զրուցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատերը կրթություն ասելով հասկանում են ժամանակաշրջան, որը սկսվում է, ենթադրենք, առաջին դասարանից կամ նախակրթարանից և ավարտվում է համալսարանում: Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է: Մարդու կրթությունը պետք է շարունակվի ողջ կյանքում: Ես նաև կարգախոս եմ առաջարկել, որ մեզնից յուրաքանչյուրի կրթական, ինտելեկտուալ մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օր», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը կարևորել է նաև ինքնակրթությունը՝ նկատելով, որ եթե մարդը չի ուզում որևէ բան սովորել, բռնությամբ չես կարող նրան սովորեցնել, հետևաբար, կրթական համակարգի ամենամեծ դերը մարդուն քաջալերելն է դեպի ինքնակրթություն.
«Որովհետև դասարանում էլ, լսարանում էլ ամենահաջողված աշակերտներն ու ուսանողները նրանք են, ովքեր այդ պրոցեսը չեն ընկալում որպես վարչական որոշում, որ ուրիշներն իրենց պարտադրում են ինչ-որ բան սովորել, այլ իրենք են փորձում հագեցնել իմացության իրենց ծարավը, հետևաբար կրթության ամենակարևոր կոմպոնենտը, իմ կարծիքով, ինքնակրթությունն է»,- ասաց նա: