կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական պատասխանատվության շրջանակում պետք է մասնակցի այս պայքարին. Փաշինյան

Յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական պատասխանատվության շրջանակում պետք է մասնակցի այս պայքարին. Փաշինյան

«Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք մայիսի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հայտարարեցինք, որ հիմա պիտի անցնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն ռազմավարությանը»,- այսօր Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, դա նշանակում է, որ բացի կառավարության ձեռնարկած միջոցառումներից, յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական պատասխանատվության շրջանակներում պետք է մասնակցի այդ պայքարին։ Ընդ որում, առաջին հերթին իր, իր ընտանիքի անդամների անվտանգության և առողջապահության շահերից ելնելով։

«Այո՛, այս ընթացքում մեր ձեռք բերած փորձով կարող ենք արձանագրել, որ երեխաներն ունեն բավականին ուժեղ պաշտպանիչ իմունային համակարգ՝ այս հիվանդությունից պաշտպանվելու համար։ Միջին տարիքի մարդիկ ունեն բավականին ուժեղ իմունային համակարգ՝ այս հիվանդությունից պաշտպանվելու համար, եթե չունեն խրոնիկ հիվանդություններ։ Չնայած մենք մի դեպք ունեցանք, երբ խրոնիկ հիվանդություն չունեցող մոտավորապես 30 տարեկան տղամարդը հասավ ծայրահեղ ծանր, նույնիսկ՝ մահամերձ վիճակի, փառք Աստծո, նրան հաջողվեց այդ վիճակից դուրս բերել, և, անկեղծ, մենք չգիտենք, թե որ պարագան է, որ պացիենտին հասցնում է այդ վիճակին և որ պարագան է, որ ընդհանրապես պահում է առանց ախտանիշների դաշտում։ Ընդ որում, առանց ասիմպտոն պարագայում էլ պետք է հասկանանք՝ երաշխիք չկա, որ նա ծայրահեղ վիճակի չի հասնի. Որևէ մեկը չի կարող ասել նման բան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, պետք է շարունակել ապակենտրոն պայքարի տրամաբանությունը ու նաև այս ոլորտում պատասխանատվությունը պատվիրակելով յուրաքանչյուր քաղաքացու։

«Ընդհանրապես կարծում եմ, որ այստեղ էլ մեր հասցեին մեղադրանքներ կհնչեն, որ քաղաքացու վրա ենք դնում պատասխանատվությունը, բայց ասեմ, որ դա պատասխանատվության հարց չէ։ Դա ընդհանրապես մեր գաղափարախոսությունն է, մեր քաղաքական գործունեության ամբողջ փիլիսոփայությունը դեռ ամենասկզբում: Մենք որևէ փոփոխություն և որևէ հարցի լուծում չենք պատկերացնում առանց հանրության եւ քաղաքացու մասնակցության՝ սկսած տնտեսական ծրագրի իրագործումից, շարունակած առողջապահական հարցերի և այս ճգնաժամի լուծումով»,- ընդգծեց վարչապետը։

Ըստ նրա, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիներին առաջարկում են պարզ կանոններ, որոնց պահպանման դեպքում երաշխավորում են, որ նրանք չեն վարակվի կորոնավիրուսով։

Նա ներկայացրեց կանոնները.

Կանոն առաջին՝ պահպանել սոցիալական հեռավորություն կամ շփվել միայն դիմակների առկայությամբ։

Կանոն երկրորդ՝ չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին՝ աչքերի, քթի, բերանի հատվածում։

Կանոն երրորդ՝ օգտվել այնպիսի սպասքից, որը կա՛մ ջերմային մշակում է անցել, կա՛մ համապատասխան նյութերով մաքրված է։

«Այս կանոնի պահպանման պարագայում առանձնահատուկ պատասխանատվություն պետք է դրվի ՀՀ-ում գործող սննդի կետերի վրա։ Ընդհանրապես բոլոր բիզնեսի տեսակների համար պարետատունը կանոններ է սահմանել, և պարետի նախագիծը պատրաստ է այս ասվածի համատեքստում որոշումներ ընդունելու վերաբերյալ։ Այս պայմաններում ասեմ, որ մենք պարզապես չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ այն մտադրությամբ, որ արտակարգ դրության պայմաններում չենք պատրաստվում խիստ սահմանափակումներ կիրառել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև ասաց, որ արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է որպես մի գործիք, որն անհրաժեշտ լինի կիրառել՝ ըստ իրավիճակի. «Մենք ինչքան մտածեցինք, որ բոլոր հնարավոր պարագաները այլ գործիքներով փորձենք կառավարել, բայց կա մի պարագա, որը միայն արտակարգ դրության դեպքում է կիրառելի։ Դա այն դեպքն է, որ կոնկրետ բնակավայրի մուտքն ու ելքը հնարավոր է փակել միայն արտակարգ դրության պայմաններում։ Բացի այդ, պարետատուն անհրաժեշտ է և պարետատունը ևս կարող է գոյություն ունենալ միայն արտակարգ դրության պայմաններում»։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ Կառավարությունն առաջին օրից ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ բոլոր մնացած հարցերով եղել է թափանցիկ։

«Մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն, ինչպես ևև խոստացել էինք, ՀՀ քաղաքացիներից չենք թաքցրել՝ անկախ նրանից, թե այդ տեղեկատվությունը որքանով էր նպաստավոր կամ աննպաստ ՀՀ քաղաքացիների համար։ Մեր կառավարությանը նախկինում երբեք չեն մեղադրել դեպքեր թաքցնելու համար։ Երեկ ես, Երևանի փոքր կենտրոնում մի փոքր շրջելով, հասկացա, որ հիմա կասկածներ կան, թե մենք թվերը ուռճացնում ենք։ Թե ինչո՞ւ պետք է ուռճացնենք, անհասկանալի է։ Ի միջի այլոց, այս 2-րդ՝ ավելի բաց պայմաններում այն պայմանները, որոնք կսահմանի պարետատունը, դրանց կիրառման նկատմամբ վերահսկողությունը պետք է շատ խիստ լինի, ու այդ պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է ՀՀ ոստիկանության վրա»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով, երեկ ոստիկանապետի հետ այս թեմայով քննարկում ունեցել են.

«Ցավոք, նախկին շրջանում մենք վստահ չենք, որ պարետատան սահմանած սահմանափակումները պատշաճ խստությամբ կիրառվել են, բայց մենք հույս ունենք, որ մեր թույլ տված սխալներից դասեր կքաղենք։ Շատ կարեւոր է, որ պարետի որոշումները լայնորեն լուսաբանվեն, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է ակնկալվում իրենցից»,- ասաց վարչապետը»։

 

  • Կիսվել: