շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ըստ Անդրեասյանի՝ ակադեմիական քաղաքը լինելու է ամենահասանելի վայրերից մեկը

Ըստ Անդրեասյանի՝ ակադեմիական քաղաքը լինելու է ամենահասանելի վայրերից մեկը

Վերջին շրջանում շատ են ակտիվացել Ակադեմիական քաղաքի մասին խոսակցությունները և հատկապես արվեստի բուհերի և արվեստի կլաստերի շուրջ խոսակցությունը: Գիտեք Կոնսերվատորիայի հետ կապված խոսակցությունները: Եթե այս պահին նորություն կա Ակադեմիական քաղաքի հայեցակարգի և նախագծի գործընթացի վերաբերյալ, խնդրում եմ, ասեք՝ ինչ է սպասում արվեստի բուհերին, և ինչ է նախատեսվում արվեստի կլաստերում այդ բուհերի միավորմամբ ունենալ: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Նրան պատասխանեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Իրականում այս խոսակցությունները, որ ավելի ինտենսիվ են, մի կողմից, իհարկե, ուրախացնող են, որովհետև երբ որ նախորդ տարի հուլիսին նախարարությունը հայտարարություն հրապարակեց կայքում, որ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման քննարկում է սկսում, և այնուհետև խոսակցություն հրահրելու համար Կառավարության նիստում մենք առանձին անդրադարձ ունեցանք հրապարակված հայտարարությանը, ինձ մոտ տպավորություն էր, որ մեր բուհական ու գիտահետազոտական համակարգը, այնուամենայնիվ, դեռևս այս տեղեկատվությունը չի մարսել և չի արձագանքում: Այդ նույն տպավորությունն ունեի այս մի քանի ամիսների ընթացքում, երբ որ այդ հայտարարությունը ուժի մեջ էր, և մենք սպասում էինք առաջարկներին, ու երբ որ դրանից հետո ստանում ենք ինտենսիվ խոսակցություն, հարց է առաջանում՝ ի՞նչն էր դրա առիթը: Իրականում ոչինչ, այլ բան տեղի չի ունեցել, քան մենք ի սկզբանե հայտարարել ենք, և լավ կլինի, որ բուհերի մեր գործընկերները շատ ավելի ուշադիր լինեն, և չմտածեն, որ դրանք ուղղակի հայտարարություններ են: Դա պրոցես է, որ սկսված է և գնում է, և մենք այդ պրոցեսի շատ տրամաբանական հաջորդ քայլի մեջ ենք, երբ որ աշխատանքային խմբեր ենք ձևավորել, որոնք պետք է մշակեն կլաստերներից յուրաքանչյուրի հայեցակարգը:

Մենք շարունակում ենք քննարկել բովանդակությունն ու կառուցվածքը, թե արվեստների համալսարանը ինչ կրթական ծրագրեր պիտի ունենա, ինչպիսի տրամաբանությամբ պիտի կազմակերպվի կրթությունը, ինչ կարիքներ ունի շենքային տարածքների և գույքային պահանջների մասով, և այս ամենը օրակարգային հարց է»,-ասաղց

Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ միջազգային գործընկերների մասնակցությամբ կունենան մշակված ձևակերպումները:

«Նաև պետք է նշեմ, որ առանձին ճանապարհային նախագիծ է կառուցվում, և տրանսպորտային հասանելիության տեսանկյունից Ակադեմիական քաղաքը լինելու է ամենահասանելի վայրերից մեկը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

  • Կիսվել: