երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Ընդդիմության տերմինաբանությունը չեմ ցանկանա մեկնաբանել, երկրի ղեկավարը ընտրված ղեկավար է․ Արմավիրի համայնքապետ

Ընդդիմության տերմինաբանությունը չեմ ցանկանա մեկնաբանել, երկրի ղեկավարը ընտրված ղեկավար է․ Արմավիրի համայնքապետ

«2021 թ-ի հունիսի ընտրությունները հանգուցալուծել են քաղաքական ճգնաժամը,  և, կարծում եմ, փողոցային պրոցեսները ընդհանրապես իշխանափոխության չհանգեցնող պրոցեսներ են»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով ընդդիմադիրների գործողությունները, այս մասին նշեց Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը։ Խուդաթյանի խոսքով, ինքը նման վստահություն ունի քաղաքացիների հետ շփվելու և նրանց տեսակետները լսելու արդյունքում։

Ի պատասխան հարցի, որ ներկա իշխանությունն էլ իր պայքարը սկսել է փողոցից, Խուդաթյանն արձագանքեց․ «2018թ-ի հասարակական պահանջը լրիվ այլ էր,  երկրում հեղափոխական էներգիա կար հավաքված,  հեղափոխության պահանջ կար, մարդիկ ընտրություններով տասնամյակներ շարունակ չէին կարողացել ձևավորել  իրենց ցանկացած իշխանությունը, հիմա  երկրում լրիվ հակառակ իրավիճակ է։ Երկու ընտրություններ ՔՊ-ն  կազմակերպել է ազատ, արդար, թափանցիկ։ Եվ վերջին ընտրությունների արդյունքում ժողովուրդը ձևավորել է իր իշխանությունը, որի հետ պատրաստվում էր աշխատել առաջիկա 5 տարիների ընթացքում ։  

«Երկրի ղեկավարությունը կամ կառավարությունը հրաժարական  չի տալիս փողոցում  հավաքված մի քանի հազար քաղաքացիների  պահանջով։ Ընդդիմության տերմինաբանությունը չեմ ցանկանա մեկնաբանել,  երկրի ղեկավարը ընտրված ղեկավար է, ով քաղաքական թիմի հետ հաջողությամբ բանակցությունները տանում է իրենց ընթացքով»,- ընդգծեց համայնքապետը։  

Խոսելով Արցախի շուրջ ընթացող բանակցությունների մասին՝ Խուդաթյանը նշեց․ «Երկրի գործող իշխանությունը տիրապետում է և՛ վտանգների զսպման մեխանիզմներին, և՛ շատ սահուն բանակցություններ է վարում ,  այնպես որ ՝ անհանգստանալու կարիք, կարծում եմ՝ չկա»։

Հարցին, թե ո՞րն է անձամբ Արմավիրի համայնքապետի դիրքորոշումը Արցախի կարգավիճակի հարցում, Խուդաթյանն ասաց․ «Արցախին վերաբերող հարցերում ՀՀ դիրքորոշումը բազմաթիվ անգամներ հստակեցվել է իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, այդ թվում արտաքին քաղաքական բլոկի կողմից։ Համայնքապետը արտաքին քաղաքական հարցերով կարծիք չի հայտնում,կիսում եմ քաղաքական թիմի դիրքորոշումները։ Բանակցություններ են ընթանում, թույլ տվեք չմեկնաբանել»։

  • Կիսվել: