երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է․ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կազմակերպության հայտարարությունը

Վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է․ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կազմակերպության հայտարարությունը

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպությունը՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, մամուլի հաղորդագրություն է տարածել՝ կապված ս/թ. օգոստոսի 14-ին կմ90 հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարի հետ:

««Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որ հանդիսանում է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպությունը, հայտնում է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ այս գիշեր տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշաններ։ Վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է։

Նշենք, որ շինարարական աշխատանքներ իրականացվող ճանապարհահատվածներում երթևեկության արագությունը և անվտանգության միջոցները սահմանվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցված է ՆԳՆ հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

Վթարից հետո «Սինոհիդրո» ընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՀՀ ՆԳՆ հետ՝ երթևեկությունն ուղղորդելու և դեպքի վայրի կարգի բերման նպատակով։ Մեր ցավակցությունն ենք հայտնում ավտովթարի զոհերի ընտանիքներին և հարազատներին, վթարից տուժածներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում: «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ»։

 

  • Կիսվել: