հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վիրահայոց թեմում նշվել է Թարգմանչաց տոնը

Վիրահայոց թեմում նշվել է Թարգմանչաց տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 2021 թվականի տոնացույցով, հոկտեմբերի 9-ը Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակի օրն է: Ազգային-եկեղեցական այս տոնը Վիրահայոց թեմում նշվել է տարբեր միջոցառումներով:

Տոնական տրամադրություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը: Պատարագիչ Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, որի ժամանակ արժևորվեց Սբ. թարգմանիչ Վարդապետների` Սուրբ Մեսրոպի, Սահակ Պարթևի, Եղիշեի և նրանց աշակերտների դերը հայոց գրերի ստեղծման, ազգի պահպանության և հավատքի խորացման գործում, անդրադարձ կատարվեց հայ գրերի ստեղծման պատմական ժամանակաշրջանին: Տեր Նշան վարդապետը Եկեղեցին, լեզուն և մշակույթը անվանեց ազգի ինքնությունը պահպանելու գլխավոր երաշխիքներ և ներկաներին հորդորեց տարածել թարգմանիչ վարդապետների կողմից ստեղծված հայոց գրերը, սերունդներին փոխանցել մեր մեսրոպատառ ոսկեղենիկ լեզուն:

Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդի նախագահությամբ, արժանավոր հայորդիների հոգու խաղաղության համար կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը շնորհավորեց «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնին տասնամյա հոբելյանի կապակցությամբ, երախտիքի խոսքեր ուղղեց թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և բարերար Սաակովների ընտանիքին, ում նախաձեռնությամբ և հետևողական ջանքերով ստեղծվել և արդեն մեկ տասնամյակ շարունակ կենտրոնը արժանապատվորեն կատարում է մայրենի կրթության և ազգային մշակույթի տարածման նվիրական առաքելությունը:

Վերջում Սուրբ խորանի առջև գեղեցիկ խոսքով և բանաստեղծություններով հայոց գրերի ստեղծողներին մեծարեցին Թեմի կրթության բաժնի (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի և Սուրբ Եղիա մարգարե» (ուսուցչուհի՝ Ռոզա Զոհրաբյան) կիրակնօրյա դպրոցի սաները:

Այս գեղեցիկ օրը ուխտագնացությամբ նշանավորվեց Թբիլիսի ժամանած Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական ընդհանուր փոխանորդության Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և տեղի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի ուխտավորների համար: Հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի առաջնորդությամբ հյուրերը այցելեցին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, աղոթք արեցին և մոմեր վառեցին Սուրբ Էջմիածին եկեղեցում, իրենց խոնարհումը բերեցին հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող արժանավոր հայորդիների հիշատակին:

Օրվա տոնական միջոցառումը շարունակվեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում:

Միջոցառմանը իրենց ներկայությունն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Աննա Սահակյանը և Ավետիք Հարությունյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ստեղծագործողներ, թարգմանիչներ, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ:

Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, օրհնելով ներկաներին օրվա խորհրդի մասին հակիրճ խոսք ասաց, արժևորեց տոնի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ հայոց գրերի գյուտը անվանելով շրջադարձային և ողջունեց տոնի ազգային-եկեղեցական հենքը:

Երկարատև ընդմիջումից հետո վերստին Թումանյանի պատմական թբիլիսյան հարկի տակ հավաքված ստեղծագործական մտքի ներկայացուցիչները մեծարեցին հայ գրի ու գրականության հիմնադիր թարգմանիչ վարդապետների հիշատակը, վերհանելով պատմականորեն ձևավորված և իրենց արդիականությունը պահպանած, ինչպես նաև ժամանակակից թարգմանությունների նմուշներ՝ կատարված պոեզիայից, արձակից, դրամատուրգիայից և այլ բնագավառներից: Ներկաները պատմեցին նաև հուշեր՝ կապված իրենց կողմից կատարված թարգմանությունների հետ:

«Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի և էքսկուրսավար Գոհար Մազմանյանի շնորհիվ ներկայացվեցին վիրահայ մտավորականների և ստեղծագործողների արձակ և չափածո գործերի թարգմանությունները հայերեն, ռուսերեն և վրացերեն: Իրականացվեց տեսակապ Երևանի հետ, որի ժամանակ գրական կապերով շաղկապված տարբեր լեզուների թարգմանիչները փոխադարձաբար ներկայացրեցին միմյանց ստեղծագործություններից իրենց թարգմանությունները:

Միջոցառումն ուներ նաև գեղարվեստական հագեցվածություն՝ համեմված անհատ կատարողների երգերով և նվագակցությամբ:

Թարգմանչաց տոնը հանդիսավորությամբ և տարբեր միջոցառումներով նշվեց Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում: Սուրբ Պատարագ մատուցվեց Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ծալկայի, Թեթրիծղարոյի, Մառնեուլիի և Բաթումիի հայոց եկեղեցիներում: Ազգային-եկեղեցական այս տոնը տարբեր վայրերում նշանավորվեց նաև այլ միջոցառումներով:

  • Կիսվել: