հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերջին օրերին ակտիվացել են համացանցի միջոցով խարդախության դեպքերը. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Վերջին օրերին ակտիվացել են համացանցի միջոցով խարդախության դեպքերը. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Վերջին օրերին ակտիվացել են համացանցի միջոցով խարդախության կամ զեղծարարության դեպքերը, երևան են եկել նոր մեխանիզմներ, որոնց միջոցով խարդախները, տիրանալով զոհի մի շարք անձնական/բանկային տվյալների, գումարներ են հափշտակում քաղաքացիներից: Այս մասին զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
 
Խարդախների թիրախում են հայտնվել մասնավորապես առուվաճառքի հայտարարությունների կայքերով (list.am և այլն) ապրանք վաճառողները։
 
Խարդախները, ներկայանալով որպես գնորդ, կապի այլընտրանքային միջոցներով (WhatsApp, Telegram և այլն) կապ են հաստատում վաճառողի հետ, խնդրում վերջինիս քարտի տվյալները ապրանքի/ծառայության գումարը փոխանցելու նպատակով, արդյունքում՝ տիրապետելով բանկային գաղտնիք համարվող անհրաժեշտ քանակությամբ տվյալների, հափշտակում քարտային հաշվին առկա գումարները: Մեկ այլ դեպքում առաջարկվում է տվյալները լրացնել ուղարկված կեղծ կայքերի հղմամբ, որն առաջին հայացքից կարող է չտարբերվել իրական կայքի հղումից (օրինակ՝ գնորդներին առաջարկվում է «Հայփոստ» ընկերության կեղծ կայքի հղումը):
 
Խարդախը հասանելիություն է ստանում ցանկացած տվյալի, որը մուտքագրվում է կեղծ կայքում։ Ստանալով բանկային տվյալները՝ նա անարգել տնօրինում է քարտապանի ֆինանսական միջոցները:
 
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զգոն լինել գործարք կատարելուց առաջ, ոչ մեկին չտրամադրել SMS/mail-ի միջոցով բանկի տրամադրված մեկանգամյա կոդը, որևէ կայքում անձնական տվյալներ լրացնելուց առաջ ստուգել կայքի իսկությունը՝ համեմատելով ինտերնետային հասցեի տողում առկա կայքի ամբողջական անվանումը կայքի պաշտոնական անվանման հետ՝ կատարելով որոնման պարզ գործողություն:
 
«Հիշե´ք, որ գումար ստանալու համար բանկային քարտի դարձերեսին առկա եռանիշ կոդը (CVC/CVV) չի պահանջվում, ուստի խստիվ արգելվում է այն փոխանցել այլ անձանց: Նմանատիպ իրավիճակներում ցանկացած կասկած անհրաժեշտ է մեկնաբանել հօգուտ տվյալներ տրամադրելուց ձեռնպահ մնալուն: Եթե ինքնուրույն չեք կողմնորոշվում տվյալների տրամադրման ռիսկայնության հարցում, կարող եք դիմել Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին՝ զանգահարելով կամ գրելով ֆեյսբուքյան պաշտոնական էջին»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: