չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վերջին երկու տարվա ընթացքում քովիդով, պատերազմով և սթրեսով պայմանավորված սրտամկանի ինֆարկտից մահացության թիվն աճել է

Վերջին երկու տարվա ընթացքում քովիդով, պատերազմով և սթրեսով պայմանավորված սրտամկանի ինֆարկտից մահացության թիվն աճել է

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Դիանա Անդրեասյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Stent for life ծրագրի մեկնարկից մինչ այս տարվա հուլիսը իրականացվել է 14338 ծառայություն, իսկ այս տարվա սկզբից մինչ հուլիսը 1500 վիրահատություն։ 

Հիվանդությունների կանխարգելումն ու վերահսկումը ԱՆ գլխավոր խնդիրներից է,որին միտված իրականացվում են մի շարք ծրագրեր։ Համապատասխանելու դեպքում բոլոր շահառուները ընդգրկվում են ծրագրում և ստանում անվճար բուժվելու հնարավորություն։

«2019 թվականին վերանայվել է կառավարության որոշումը և ընդլայնվել սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված հիվանդներին բուժօգնություն տրմադրելու նախագիծը, նրանք օգտվել են սրտի բաց, փակ և այլ վիրահատություններից՝ սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի շրջանակում»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը։

ՀՀ-ում սրտի համաշխարհային օրը նշվում է գիտական միջոցառումների, գիտաժողովների և հանրային միջոցառումների տեսքով՝ միտում ունենալով հասարակության մեջ բարձրացնել իրազեկվածության մակարդակը։

«Խորքային վերլուծության դեպքում արձանագրում ենք, որ մոտ կրկնակի անգամ իջել է սրտամկանի ինֆարկտից մահացությունը, ինչը կարևորագույն ձեռքբերում է։ Ցավոք, վերջին երկու տարվա ընթացքում քովիդով, պատերազմով և սթրեսով պայմանավորված այս թիվը աճեց»,- ասաց Առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը։

Նա նշեց նաև, որ ԱՆ կողմից սիրտ-անոթային հիվանդությունների կառավարման համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝  կազմված առաջատար մասնագետներից, որոնք կներկայացնեն ոլորտի նոր ուղղությունները, ծրագրերը, եղած ծրագրերում առկա թերությունները, կառավարման, դեղորայքային բուժման հետ կապված հարցերը և այլն։

  • Կիսվել: