չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Վերանայվելու են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի իրավակարգավորումները

Վերանայվելու են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի իրավակարգավորումները

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի համակարգմամբ տեղի է ունեցել Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի վերաբերյալ առկա իրավակարգավորումներին նվիրված միջգերատեսչական քննարկում։
 
Քննարկման նպատակն է եղել հստակեցնել համակարգին հասանելիություն ունեցող բոլոր մարմինների լիազորությունները, վեր հանել օրենսդրական առկա բացերը, ինչը հնարավորություն կտա ըստ անհրաժեշտության վերանայելու գոյություն ունեցող կարգավորումները և մշակել առավել ամբողջական իրավակարգավորումներ:
 
Քննարկմանը ներկա է եղել 16 շահագրգիռ պետական մարմինների 26 ներկայացուցիչ, որոնք քննարկման ընթացքում ներկայացրել են իրենց ոլորտին վերաբերելի օրենսդրությունը, ընդգծվել է անձանց տեղաշարժը սահմանափակելու և նրանց վերաբերյալ անձնական տվյալներ ստանալու լիազորությունների՝ օրենքի մակարդակում ամրագրված լինելու հանգամանքը:
 
Քննարկման արդյունքների ամփոփմամբ կմշակվի համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ գործընթացի արդյունքները ներկայացնելով նաև վարչապետի աշխատակազմ:

  • Կիսվել: